Սաակաշվիլիի վիճակի համար պատասխանատու է Վրաստանի կառավարությունը. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի վերաբերյալ։

Freedom House-ը նշել է՝ Սաակաշվիլիի վիճակի համար պատասխանատու է Վրաստանի կառավարությունը։

«Մեզ անհանգստացնում են Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերջին լուսանկարները և նրա մասին հաղորդագրությունները։

Վրաստանի կառավարությունը պատասխանատու է Սաակաշվիլիի առողջության և բարեկեցության համար, քանի դեռ նա գտնվում է կալանքի տակ, և մենք կոչ ենք անում նրանց անհապաղ և լիարժեք բուժօգնություն ցուցաբերել», — գրված է Freedom House-ի Twitter-յան միկրոբլոգում:

Ի դեպ, Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից փետրվարի 1-ին՝ հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։

Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներեն, այնուհետև ցույց է տվել, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։