Մեկ տարվա ազատազրկում՝ նախագահի երեխաներին սպառնալու համար

Անձը, ով ֆեյսբուքյան հրապարակումներից մեկի միջոցով սպառնացել էր նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի երեխաներին, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Նման որոշում կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լավրենտի Մաղլակելիձեն:

Ըստ դատավճռի, սպառնալիքը եղել է այն ժամանակ, երբ Սալոմե Զուրաբիշվիլին առաջադրվել էր նախագահի պաշտոնում: Դատարանում վկայություն են տվել Սալոմե Զուրաբիշվիլիի երեխաները՝ Թեյմուրազ և Քեթևան Գորջեստանիները:

Ըստ Թեյմուրազ Գորջեստանիի, նա Լոնդոնում է եղել, երբ, 2018-ի նոյեմբերի 9-ին, լրիվ անծանոթ Գ.Ռ.-ն ֆեյսբուքյան էջի միջոցով նախ գրել, ողջունել է, հետո զանգել: — «Լսիր ինձ հիմա, ա՛յ տղա», — այս արտահայտությունը լսելուց հետո Թեյմուրազն անջատել է զանգը: Թեյմուրազն ասում է, որ դրանից հետո մեղադրյալը նրան սպառնալիք պարունակող հաղորդագրություններ է ուղարկել:

«Ապրել չե՞ք ուզում: Կկրակեմ ձեր ճակատներին…», — գրել է մեղադրյալը Սալոմե Զուրաբիշվիլիի որդուն:

Ավելի ուշ պարզվել է, որ մեղադրյալը 2009-2016 թվականներին Վրաստանի զինված ուժերի պահեստազորի սպա է եղել, իսկ 2018-ի մարտի 21-ին մեկնել է Ուկրաինա: Հետաքննության համաձայն, մեղադրյալը Ուկրաինայի զինված ուժերի ծառայող է: