Մցխեթայի Սվետիցխովելիի մայր տաճարում, տեղի է ունեցել Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո III-ի գահակալության (ինտրոնիզացիայի) հանդիսավոր արարողությունը։
Տոնական աստվածապաշտությունը տաճարում սկսվել է ժամը 10:00-ին։ Հանդիսավոր պատարագը կատարել են Սուրբ Սինոդի անդամները և բարձրաստիճան այլ հոգևորականներ։
Ծիսակարգի ընթացքում նոր Պատրիարքին են հանձնվել իշխանության խորհրդանիշները, մասնավորապես՝ պատրիարքական խույրը, փարաջան (գլխի ծածկոցը), լանջախաչն ու պանագիան, ինչպես նաև հովվապետական գավազանը։
Վրաց Ուղղափառ Եկեղեցին 142-րդ Կաթողիկոս-Պատրիարք է ընտրել պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիո (Մուջիրիին) երեկ՝ մայիսի 11-ին, կայացած ընդլայնված եկեղեցական ժողովում։
Սվետիցխովելի տաճարում գահակալության արարողությանը ներկա էին Վրաստանի կառավարության և նախարարների կաբինետի անդամները։ Հյուրերի թվում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Նոր պատրիարքի ընտրության հարցը օրակարգում հայտնվեց այն բանից հետո, երբ 2026 թվականի մարտի 17-ին, 93 տարեկան հասակում վախճանվեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբագույն և Երանաշնորհ Իլիա II-ը։ Իլիա II-ը Վրաստանի եկեղեցին առաջնորդել է գրեթե կես դար։