Վարչապետը ՀԿ-ներից «կառավարության նման թափանցիկություն է ակնկալում»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը` կրկին և այս անգամ վերջնականապես ընդունելու «գործակալների օրենքը»: Վարչապետը հայտարարում է, որ «ժամանակն է՝ հասարակական կազմակերպությունները և նրանց դոնորները եվրոպականացվեն»:

Ապրիլի 3-ին հրապարակված հայտարարության մեջ վարչապետ Կոբախիձեն, ինչպես և իր թիմակիցները, խոսում է «թափանցիկության» մասին և գրում, որ իր վարչապետության առաջին իսկ օրվանից «Վրաստանի կառավարության բոլոր որոշումներն անմիջապես հրապարակվում են»։

«Վրաստանի կառավարությունն արդեն հաստատել է թափանցիկության եվրոպական ստանդարտը։ Հիմա ժամանակն է, որ ոչ հասարակական կազմակերպությունները և նրանց դոնորները եվրոպականացվեն, ինչում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նրանց անկասկած զգալի օգնություն կտրամադրի»,- ասել է Կոբախիձեն։

Ըստ վարչապետի՝ «երբ դու իրավացի ես և չես ուզում ստել, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը լավագույն միջոցն են՝ խուսափելու արատներից և սխալներից»: Վարչապետը նշում է, որ «իր համար թափանցիկությունը նշանակում է եվրոպականություն, իսկ անթափանցիկությունը՝ ոչ եվրոպականություն: Նրա համոզմամբ՝ «չափազանց հակաեվրոպական է, երբ խուսափում ես թափանցիկության նվազագույն չափանիշից և անգամ չես ուզում հրապարակել տարեկան ֆինանսական հայտարարագիրը։ Նման դեպքերում ակնհայտ է, որ դու ինչ–որ բան ես թաքցնում»:

Կոբախիձեն վստահ է, որ նոր օրենքը «արդյունավետորեն կապահովագրի դոնորներին մի շարք անհարմարություններից, որոնք կապված են Վրաստանում արմատականության և բևեռացման հրահրման հետ, նրանց կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների և համապատասխան լրատվամիջոցների կողմից հեղափոխական գործընթացների աջակցության, ընտրական ձայների զուգահեռ հաշվարկի կեղծման, պատերազմի քարոզչության, կեղծ-ազատական ​​գաղափարախոսության տարածման, Վրաստանի ազգային և կրոնական ինքնության դեմ ուղղված գործողությունների, ապատեղեկատվության հաշվին պետական ​​ինստիտուտները թուլացնելու փորձերի հետ»:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա է հայտարարել՝ ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշմամբ սաբոտաժ է անում երկրի եվրաինտեգրման ճանապարհը։

Իշխանությունը «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` օգուտ քաղելու խառնաշփոթից. սրանով իսկ սաբոտաժի են ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը