Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները

Իշխանությունը «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` օգուտ քաղելու խառնաշփոթից. սրանով իսկ սաբոտաժի են ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:

Նրանց գնահատմամբ՝ իշխող «Վրացական երազանքը» չկարողացավ «մարսել» նախորդ տարվա պարտությունը և այժմ փորձում է ինչ-որ կերպ «երկրորդ խաղակես սահմանել»: Օրինագծի ընդունման հարցը կրկին օրակարգ բերելը, նրանց խոսքով, խիստ անհարգալից վերաբերմունք է Վրաստանի ժողովրդի, բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր անցյալ տարվա մարտին որոշեցին, որ այդ օրենքը չպետք է ընդունվի:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ իշխանությունը վախենում է քաղաքացիական հասարակությունից, հատկապես այն հատվածից, որը քաղաքականությունում և ընդդիմությունում ներկայացված չէ, բայց մեծ ազդեցություն ունի հասարակության վրա:

Նա վստահ է՝ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը շատ ուժեղ է, և, հասարակությանն առաջարկում է եվրոպական, արևմտյան, ժողովրդավարական, հավասարության, իրավունքի մասին արժեքներ. քաղհասարակությունն աշխատում է հասարակության հետ, որ բացատրի՝ ինչ է ժողովրդավարությունը, օգնում է նրանց:

«Ահա այս ֆոնին, «Վրացական երազանքն» ավելի շատ վախենում է հենց քաղհասարակությունից և փորձում է նրանց վարկաբեկել, վերահսկել: Հետևաբար՝ փորձում է վախեցնել  նաև արևմտյան այն դոնորներին, ովքեր աջակցում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- ասում է կոնֆլիկտաբանն ու հավելում, օրինագիծը կրկին օրակարգ բերելով իշխանությունը «աղքատ ժողովրդի» առաջ վատաբանելով ՀԿ-ներին, փորձում է համոզել՝ թե ՀԿ-ները նրանց մասին չեն մտածում, այլ միայն իրենց շահի, ինչը, իհարկե, սուտ է:

Նրա խոսքով՝ հասարակությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պետք է հստակ պատասխանի․ բնականաբար, դա պետք է անի խաղաղ բողոքի ցույցերի միջոցով.

««Վրացական երազանքը» վախենում է հասարակության բողոքի ալիքից: Իշխանությունը հուսով է, որ հասարակությունը հոգնել է, այլևս փողոց դուրս չի գա, բայց հասարակությունը պետք է հստակ արձանագրի, որ հանուն իր հետաքրքրությունների և արժեքների միշտ պատրաստ է պայքարելու»:

Փորձագետ Գիա Ջափարիձեի խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների համար ընտրություններից առաջ կրկին բողոքի ակցիաներին մասնակցելը մեծ ռիսկ է: Ըստ նրա, հավանաբար, Վրաստանի արևմտյան գործընկերների կողմից կլինի հստակ ու կոշտ դիրքորոշում.

«Սակայն, ինչպես երևում է՝ «Վրացական երազանք»-ին չի հետաքրքրում մեր արևմտյան գործընկերների կոշտ դիրքորոշումը»:

«Ռոնդելի հիմնադրամ»-ի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին կարծում է, որ եթե «ռուսական օրենքը» ընդունվի, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացումը երկար ժամանակով կհետաձգվի.

«Չեմ կարծում, որ նրանք կկարողանան ընդունել օրենքը։ Վենետիկի հանձնաժողովը արգելափակելու է այն»:

Նրա խոսքով, Եվրամիության համար սկզբունքային կլինի, եթե «Վրացական երազանքը» օրենքի նախագիծը չուղարկի Վենետիկի հանձնաժողով գնահատման և հաշվի չառնի նրա կարծիքները։ Գոգոլաշվիլիի խոսքով, եղել են դեպքեր, երբ «Վրացական երազանքը» մի քանի հոդվածներում չի կիսել Վենետիկի հանձնաժողովի գնահատականները,  դրանից դժգոհել է Եվրամիությունը, սակայն դա այնքան էլ սկզբունքային չէր։

Կոնֆլիկտաբան Զուրաբ Բենդիաշվիլիի կարծում է, որ, ընդհանուր առմամբ, Վրաստանի քաղաքացիական հատվածը «օտար տերության շահերը սպասարկող կազմակերպություններ» չեն, այլ՝ այդ օտարերկրացիների կողմից Վրաստանի շահերից ելնելով օգնություն ստացողներ և Վրաստանի շահերից ելնելով ծախսողներ։

«Սա քաղաքացիական հատվածը մարգինալացնելու փորձ է, ոչ թե ֆինանսական թափանցիկության հասնելու ցանկություն. այլ պայմաններով ու մոտեցումներով կարելի է հասնել թափանցիկության»,- նշել է Բենդիաշվիլին:

Վրաստանի ընդդիմության կարծիքով, պետք է պայքարել, որպեսզի խորհրդարանը չընդունի «ռուսական օրենքը»։ Նրանց խոսքով, շարունակելու են պայքարել վրացական ժողովրդավարության և Վրաստանի եվրաատլանտյան ու եվրոպական ինտեգրման համար:

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ապրիլի 2-ին կայացած մեծամասնության նիստում ընդունված որոշումը հանրությանը ներկայացրել է այսօր՝ ապրիլի 3-ին: Մդինարաձեն նշել է՝ «նոր օրինագծի տեքստը նման կլինի նախկինին, իսկ արտաքին ազդեցության գործակալ» տերմինը կփոխարինվի «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություն» բառով։

Ընդգծենք՝ 2023 թվականի մարտին «Վրացական երազանքը» չկարողացավ ընդունել «Օտարերկրյա գործակալների» օրենքը։ «Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։ Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ուշագրավ է, որ փաթեթը քննադատել էին ՎրաստանումԱՄՆ դեսպանությունը,ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: Աղմկահարույց օրինագծերը տապալվեցին և խորհրդարանից հետ կանչվեցին հասարակության կողմից բարձրացրած աղմուկի և բազմահազարանոց ակցիաների ֆոնին:

«Գործակալների մասին» օրենքը վերադառնում է