Վրաստանի պուտինիստական ​​իշխանության իրական դեմքը. մոբիլիզացիա է սկսվում

«Ազատության համար» ուսանողական շարժումն արձագանքում է իշխող «ռուսական օրենքը» կրկին շրջանառության մեջ դնելու՝ «Վրացական երազանք»-ի որոշմանը՝ վստահեցնելով, որ ի պատասխան այսօրվանից սկսում են լիարժեք մոբիլիզացիան։

Նրանց խոսքով, այսօր վրաց հասարակությունը հերթական անգամ համոզվել է Վրաստանի պուտինիստական ​​իշխանության իրական դեմքի մեջ, և ինչպես անցյալ տարի, այժմ էլ չեն պատրաստվում նահանջել։

«Ռուսական օրենքի օրակարգ բերելը ցույց է տալիս, որ որոշումը կայացվում է Կրեմլում և ոչ թե Թբիլիսիի որևէ կաբինետում։ Հրահանգը գալիս է այնտեղից, որտեղ վրաց հասարակությունը ուղիղ 33 տարի առաջ հանրաքվեով հրաժարվեց կառավարվել։ Այս անգամ Վրաստանի կառավարության ձեռքերով՝ փորձելով խլել երկրի հեռանկարն ու ապագան։ Մենք՝ երիտասարդներս, որ անցյալ տարի թույլ չտվեցինք իշխանության կոլաբորացիոնիստներին դա անել, այս անգամ էլ չենք պատրաստվում նահանջել»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ նրանց՝ վրացի երիտասարդները, ուսանողները, և հայտարարությունը ստորագրած երիտասարդական կազմակերպություններ իրենց լռությամբ չեն կարող մեղսակից դառնալ երկրի ռուսացմանը:

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ապրիլի 2-ին կայացած մեծամասնության նիստում ընդունված որոշումը հանրությանը ներկայացրել է այսօր՝ ապրիլի 3-ին: Մդինարաձեն նշել է՝ «նոր օրինագծի տեքստը նման կլինի նախկինին, իսկ արտաքին ազդեցության գործակալ» տերմինը կփոխարինվի «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություն» բառով։ Մդինարաձեի խոսքով, օրենքի նախագիծը կքննվի այսօր և «այն կընդունվի մինչև նստաշրջանի ավարտը բոլոր երեք ընթերցումներով»։

Վրաստանի ընդդիմության կարծիքով, պետք է պայքարել, որպեսզի խորհրդարանը չընդունի «ռուսական օրենքը»։ Նրանց խոսքով, շարունակելու են պայքարել վրացական ժողովրդավարության և Վրաստանի եվրաատլանտյան ու եվրոպական ինտեգրման համար:

Իշխանությունը «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` օգուտ քաղելու խառնաշփոթից. սրանով իսկ սաբոտաժի են ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:

Ընդգծենք՝ 2023 թվականի մարտին «Վրացական երազանքը» չկարողացավ ընդունել «Օտարերկրյա գործակալների» օրենքը։ «Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։ Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ուշագրավ է, որ փաթեթը քննադատել էին ՎրաստանումԱՄՆ դեսպանությունը,ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: Աղմկահարույց օրինագծերը տապալվեցին և խորհրդարանից հետ կանչվեցին հասարակության կողմից բարձրացրած աղմուկի և բազմահազարանոց ակցիաների ֆոնին:

Ավելին՝ ստորև նյութում:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը