«Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը կրկին քննարկվելու է

Վրաստանի խորհրդարանը մարտի 21-ի լիագումար նիստում երկու ընթերցմամբ ընդունված «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը վերստին քննարկվելու է։

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի խոսքով, դրա պատճառը Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն է, որը կապված է ապաօլիգարխացման հարցերի հետագա պարզաբանման հետ։

«Մեր խնդիրն է շարունակել քննարկել այդ եզրակացությունը և առաջարկությունները հանձնաժողովի նիստում, պարզաբանել օրինագծի հետ կապված հարցերը, որոնք, Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ՝ լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն»,- ​​ասել է Օխանաշվիլին։

Ի դեպ, ապաօլիգարխացումը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու 12 առաջարկներից մեկն է։ Վրացական իշխանություններն ասում են, որ ընդունելով օրենքը՝ կկատարեն ապաօլիգարխացման պահանջը:

Հիշեցնենք՝ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախընտրում է համակարգված մոտեցում, մինչդեռ Վրաստանի ներկայացրած օրենքի նախագիծը հենվում է «անձնական» մոտեցման վրա։

Վենետիկի հանձնաժողովը կտրականապես չի մերժում «անձնական մոտեցման» բոլոր տարրերը, սակայն նշում է, որ նման մոտեցումը պահանջում է ուժեղ ընթացակարգային երաշխիքներ՝ կանխելու համար մարդու իրավունքների և օրենքի գերակայության խախտումները։