Վենետիկի հանձնաժողովը քննադատել է ապաօլիգարխացման օրինագիծը

Վենետիկի հանձնաժողովը միջանկյալ կարծիք է հրապարակել ապաօլիգարխացման օրինագծի վերաբերյալ և նշել, որ Վրաստանից ուղարկված փաստաթուղթը հիմնված է անձնական, ոչ թե համակարգված մոտեցումների վրա, որոնք պետք է ծառայեին ինստիտուտների և իրավական դաշտի ամրապնդմանը։

Հանձնաժողովը երկու մոտեցում է առանձնացնում: Փաստաթղթում նշվում է, որ «անձնական» մոտեցման դեպքում մարդկանց ընտրում են որոշակի չափանիշներով և անվանում «օլիգարխներ»։ Նման չափանիշները, ըստ փաստաթղթի, կարող են լինել սեփականությունը, հարստությունը և այլն, և ուղղված են տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի վրա դրանց ազդեցության նվազեցմանը։ Հանձնաժողովի դիտարկմամբ` նման մոդելը մարդու իրավունքների ոտնահարման վտանգ է պարունակում, և առանց հիմնավոր երաշխիքների կարող են խախտվել քաղաքական բազմակարծության և օրենքի գերակայության սկզբունքները։

Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովը հայտնում է, որ նախընտրում է ավելի համակարգված մոտեցում, որը նախատեսում է իրավական դաշտի և ինստիտուտների ուժեղացում։ Վենետիկի հանձնաժողովը նաև նշում է, որ թեև իրենք ընդհանուր առմամբ խնդրահարույց են համարում անձնական մոտեցումը, սակայն դա չի նշանակում, որ դրա բոլոր տարրերն ու մոտեցումներն անօրինական են։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքով` օրինագծով սահմանված որոշ նորմեր կարող են խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող սկզբունքները և, ըստ հանձնաժողովի, փաստաթուղթը չափազանց մեծ ազդեցություն է թողնում նշված գործընթացի վրա։

Հանձնաժողովի միջանկյալ զեկույցում ասվում է, որ պոտենցիալ «օլիգարխների» անձնական տվյալների գնահատման և մշակման գործընթացում կարող է խախտվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական կյանքի իրավունք)՝ արգելելով նրանց ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին և մասնակցել նախընտրական քարոզարշավներին ու ցույցերին:

Ելնելով վերը նշված բարձր ռիսկից՝ Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ «անձնական մոտեցումը», որը սահմանված է Վրաստանի ներկայացրած օրենքի նախագծում, խարանում է մարդկանց և կրում է մարդու իրավունքների ոտնահարման բարձր ռիսկ՝ չերաշխավորելով առաջադրված նպատակի կատարումը։

Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ հրապարակային հայտարարությունների ֆոնին առավել մեծ է վտանգը, որ ընդունման դեպքում նշված օրինագիծը կօգտագործվի ընդդիմության դեմ։

Հիշեցնենք, որ մինչ այդ աշխատանքային այցով Վրաստանում գտնվող հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը Թբիլիսի կատարած այցի ժամանակ նշել էր, որ Վրաստանը պետք է ընդունի «Ապաօլիգարխացման մասին» օրենք, որն արդյունավետ կլինի այդ խնդրի լուծման համար։

«Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ, իսկ իրավական հարցերի հանձնաժողովը՝ երկու ընթերցմամբ։ Նոյեմբերի 11-ին հանձնաժողովը կարծիք հայտնեց, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ մինչ ընդունումը։

«Ապաօլիգարխացումն» այն 12 կետերից մեկն է, որը պետք է կատարի Վրաստանը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանի խորհրդարանն արդեն ընդունել է Ուկրաինայում հաստատված օրենքի վրացական տարբերակը երկու ընթերցմամբ։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնության կարծիքով` երկրում միայն մեկ օլիգարխ կա, և դա «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է: