ԵՄ-ն առաջարկում է ապաօլիգարխացման մասին օրենքի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով

Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Վրաստանի կառավարությանն առաջարկել է ապաօլիգարխացման իրավական փաստաթուղթն ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ գնահատման։

Այս հայտարարությունը Վարհեյն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ի պատասխան քաղբանտարկյալների և ապաօլիգարխացման մասին հարցին։

«Ապաօլիգարխացման չափորոշիչները չեն վերաբերում և չեն կարող վերաբերել որևէ կոնկրետ անձի:

Ուստի, երբ խոսքը վերաբերում է ապաօլիգարխացման մասին օրենքին, մենք խնդրել ենք, որ երկիրը ունենա իրավական փաստաթուղթ, որը կկարգավորի այս համակարգը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք կառավարությանը` այս օրենքի նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի գնահատմանը և տեսնել, թե որքանով այս իրավական գործիքը երկիրը կհասցնի այն նպատակին, որը գրված է ԵՄ-ի 12-ի առաջարկություններում»,- նշել է Օլիվեր Վարհեյը։

Նշենք, որ Ապաօլիգարխացման մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ, իսկ իրավական հարցերի հանձնաժողովը՝ երկու ընթերցմամբ։ Նոյեմբերի 11-ին հանձնաժողովը կարծիք հայտնեց, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ մինչ ընդունումը։ Սակայն իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ասել է, որ օրինագիծը չի ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։