Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի եռալեզու տիկնիկային ներկայացումները. Մառնեուլի

Քվեմո Քարթլիի Մառնեուլի քաղաքի մշակույթի տան բեմահարթակին այս օրերին մանկական տիկնիկային ներկայացումներ են՝ հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն:

Տիկնիկային ներկայացման գաղափարի մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղից տիկնիկագործ Արմեն Հովհանիսյանը:

Հովհաննիսյանը պատմում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ից նկատել են իր մասին պատմող սյուժեն ու իր գործերը, և գաղափար է ծնվել հենց Մառնեուլիում կազմակերպել տիկնիկային ներկայացումներ: Հովհաննիսյանն ընդգծում է՝ Մառնեուլիում առաջին անգամ է, որ տիկնիկային ներկայացումներ են բեմադրվում:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կապ հաստատեց ինձ հետ, և որպեսզի նախագիծն ավելի գլոբալ լիներ՝ ես մտածեցի, որ համագործակցեն ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Մառնեուլիի մշակույթի տունը, քանի որ նաև այստեղ աշխատում եմ»,- պատմում է տիկնիկագործը:

Հովհաննիսյանը անկեղծանում է՝ այդքան էլ հեշտ չի եղել բեմականացման թարգմանությունը. երկուստեք աշխատանքի շրջանում, սակայն, ըստ Հովհաննիսյանի՝ պայմանը եղել է յուրաքանչյուր ազգի  ներկայացումը  հասանելի դարձնել իր մայրենի լեզվով, որպեսզի ներկայացման մեսիջները հասցեական լինեն:

«Պիեսը գրվել է հատուկ «Հայրերը հոգ են տանում» ծրագրի շրջանակներում, թեման ընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Չնայած հեքիաթի մեջ որոշ փոփոխություններ մենք էլ ենք կատարել»,- պատմում է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ հեքիաթը միայն փոքրերի համար չէ, նաև չափահասների համար է: Նրա խոսքով, հեքիաթը սովորական ընտանիքի մասին է, սակայն հեքիաթով փորձ է արվում ապացուցել, որ էլ ավելի մեծ սեր է հարկավոր՝ ընտանիքում եղած սերը պահպանելու համար.

«Ամենակարևորը նաև հրաշքի գաղափարն է: Եթե մեզանից յուրաքանչյուրը հավատա հրաշքի, մեր ուզած մարդը որտեղ էլ լինի՝ կվերադառնա: Հեքիաթում հենց այդպես էլ լինում է՝ փոքրիկ աղջնակի հավատը վերադարձնում է իր մորը:

Կարևոր էր նաև հեքիաթում մոր դերը, քանի որ այստեղ արծածված էր նաև կնոջ իրավունքի թեման, ինչը Մառնեուլիում խնդիր է»:

Խոսելով ներկայացման բարոյախրատական միտումի մասին՝ Հովհաննիսյանն ասում է, որ ամենակարևորն այն է, որ երեխաների մեջ այդ հեքիաթն էլ ավելի  շատ բարություն կսերմանի:

«Այսպիսով, փորձեցինք ցույց տալ, որ մայրիկները ևս կարևոր են, որ նրանք միայն տնային տնտեսուհիներ չեն, որ կարող են դուրս գալ և աշխատել, իսկ հայրերը նույնպես հոգատար լինեն երեխաների նկատմամբ»,- պատմում է Հովհաննիսյանը:

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի 1-6-րդ դասարանների աշակերտները և դասղեկները ևս այսօր հրավիրված էին ներկայացմանը:

Դամիայի հանրակրթական դպրոցի ուսուցչուհի Լուսինե Դարբինյանը ներկայացումից հետո «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմեց իր տպավորությունների մասին.

«Նախ` շնորհակալ ենք ներկայացման կազմակերպման և հրավերի համար:

Ներկայացումը երեխաների մեջ կսերմանի գնահատել բարության, հոգատարության արժեքները, որպեսզի հոգատար լինեն միմյանց և բնության նկատմամբ: Դա, կարծում եմ ավելի կգեղեցկացնի կյանքը և հնարավորություն կտա ավելի հաճելի միջավայրում ապրելու»,- նկատում է Դարբինյանը:

Նա նաև հավելում է՝ ցանկալի կլինի, որ նման ներկայացումները հաճախադեպ դառնան:

Հարկ է նշել, որ Մառնեուլիի գրեթե բոլոր դպրոցների (հայկական, ադրբեջանական և վրացական) աշակերտները հնարավորություն են ունեցել դիտելու տիկնիկային ներկայացումն իրենց մայրենի լեզվով:

Այսօր ներկայացումը տարբեր ժամերի վայելել են Դամիայի, Խոժոռնիի, Սիոնիի և այլ գյուղերի 1-6-րդ դասարանների աշակերտները: Հարկ է նշել նաև, որ որոշ դեպքերում ներկայացումը բեմադրվել է հենց գյուղում՝ վրանային պայմաններում: