Օմբուդսմենի թեկնածուների կեցվածքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ

Վրաստանում օմբուդսմենի ոչ բոլոր թեկնածուներն են կարևորում ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ավարտեց հանրային պաշտպանի թեկնածուների լսումները, և այժմ հերթը հասել է հանձնարարական եզրակացություններին, որոնք հանձնաժողովը պետք է պատրաստի բոլոր թեկնածուների վերաբերյալ։

Կոմիտեի անդամներից մեկը՝ Առնոլդ Ստեփանյանը, նշում է, որ 19 թեկնածուներից միայն 2-ն են իրենց ուշադրությունը սևեռել էթնիկ փոքրամասնությունների խնդիրներին։

Հատկանշական է, որ Վրաստանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող կազմակերպությունները արձագանքել էին լսումների ընթացքում մահմեդական համայնքի նկատմամբ հանրային պաշտպանի թեկնածու Թինաթին Էրքվանիայի «խնդրահարույց և անզգայուն վերաբերմունքին»․

«Կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին չսատարել նշված թեկնածուին` փոքրամասնություն կազմող խմբերի իրավունքների պաշտպանության նկատմամբ նրա խնդրահարույց և անզգայուն վերաբերմունքի պատճառով․

«Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Տարիել Նակաիձեի՝ Բաթումիում մզկիթի կառուցման մասին հարցին ի պատասխան` տիկին Թինաթինն անդրադարձել է պանթուրքիզմին և դրա հետ կապված վտանգներին. նշված հարցի նման ձևակերպումը վիրավորական է Վրաստանի մահմեդականների համար և ստիպում է վստահություն չունենալ տիկին Էրքվանիայի նկատմամբ»։

Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում խոսեց էթնիկ փոքրամասնությունների մասին անդրադարձների շուրջ․

«Լսումների ընթացքում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցին անդրադարձել է 2 թեկնածու, մնացածները չեն խոսել այս թեմայով։ Հատկանշական է, որ պատգամավորները ևս հարցեր չեն ուղղել այս թեմայով։

Այդ խնդրին անդրադարձած թեկնածուներից մեկը Գիո Գուրջանիձեն էր` ներկայիս հանրային պաշտպանի տեղակալը, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լոմջարիան ևս իր օմբուդսմենության շրջանում էթնիկ փոքրամասնությունների համար ոչինչ չի արել, չեմ կարծում, որ տեղակալը հակառակն անի, չնայած` ոչինչ չեմ բացառում», — ասաց Ստեփանյանը։

Ստեփանյանն ընդգծեց, որ ցանկալի կլիներ, եթե թեկնածուներից մեկը լիներ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ․

«Շատ լավ կլիներ, եթե թեկնածուներից մեկը լիներ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ, սակայն, ցավոք, չստացվեց։ Եվ այն, որ պատգամավորներից ոչ ոք հարց չհնչեցրեց այս թեմայի շուրջ, վկայում է այն մասին, որ, այնուամենայնիվ, չկա հետաքրքրություն էթնիկ փոքամասնությունների խնդիրների նկատմամբ։ Հավանաբար, մինչև դեկտեմբեր կիմանանք, թե ով է Վրաստանի նոր օմբուդսմենը»։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է կարևորում հանրային պաշտպանի ընտրության ընթացքը Վրաստանի համար ներկա պահին, և թե ինչու է անհրաժեշտ էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ հարց ուղղել թեկնածուներին և լսել նրանց կարծիքը․

«Բոլորիս հայտնի է, որ Եվրամիության ներկայացրած 12 հանձնարարականներից մեկը վերաբերում է հանրային պաշտպանի թափանցիկ և ժողովրդավարական ընտրությանը։ Եվ բնականաբար, ժողովրդավար երկիրը առանց հանրային պաշտպանի մնալ չի կարող, իսկ ներկայիս օմբուդսմեն Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 8-ին։ Հայտնի է նաև, որ ժողովրդավարական և եվրոպական ուղի ընտրած երկիրը պարտավոր է առավելագույնս պաշտպանել էթնիկ փոքրամասնությունների իրավունքները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել նրանց ինտեգրմանը», — նշեց Մելաշվիլին։

Մելաշվիլին ընդգծեց, որ արդար և թափանցիկ կարգով օմբուդսմենի ընտրությունը այս պահին որոշիչ կարող է լինել երկրի համար, քանի որ ներկա պահին Եվրախորհրդարանի արտաքին կոմիտեն քննարկում է Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը։

Նշենք, որ Վրաստանը բազմազգ պետություն է, վերջին տվյալների համաձայն (2014 թ․)` Վրաստանի բնակչության 14 տոկոսը էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ է։ Էթնիկ փոքրամասնությունների թվով գերակշռում են ադրբեջանցիները (6.3 տոկոս) և հայերը (4,5 տոկոս):

Հիշեցնենք, որ ներկայիս հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 8-ին։

Օմբուդսմենի թեկնածուների գնահատումն ավարտվել է