Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 15

Մոսկվան այս փուլում դեմ է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին հանձնելու պայմանագրում փոփոխությունների կատարմանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի եվրոպական ճանապարհին շոշափելի արդյունքները «Վրացական երազանք» կուսակցության շնորհիվ են գրանցվել։

Ղարիբաշվիլին Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ վրաց ժողովրդի և Վրաստանի ազգային շահերից է բխում՝ ունենալ հնարավորինս խաղաղ, կայուն և զարգացող տարածաշրջան:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն ասել է, որ տեսնում է Եվրոպական հանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, թեև երկիրը պետք է շատ աշխատի ԵՄ անդամ դառնալու իր պատրաստակամությունը ցույց տալու համար։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ այս պահին հատկապես կարևոր է երկրի` Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակը, խուսափելու համար արտաքին վտանգներից։

Զուրաբիշվիլին France Inter-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինային աջակցության և Վրաստանի կառավարության ու Ռուսաստանի հարաբերությունների մասին։

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ենթակառուցվածքային ծրագրի շրջանակներում, Փոքր Սամսար գյուղում շարունակվում է խմելու ջրի գլխավոր խողովակաշարի վերականգնման և կարգավորման աշխատանքը:

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ պետությունը չի բացառում խոշոր ՀԷԿ-երի կառուցման ժամանակ ֆինանսական մասնակցություն ունենալը։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ, Իրանի քաղաքացին Վրաստանում փորձել է սպանել Իսրայելի քաղաքացուն:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերին կենսական մակարդակի նվազագույն շեմը, նախորդ ամսվա համեմատ, աճել է և կազմել 253,9 լարի (մեկ անձի համար)։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով, ինքն ակնկալում է, որ Սամխարաուլիի կենտրոնում անցկացված հետազոտությունը կհաստատի, որ Սաակաշվիլին ունի հարմարվողականության խանգարում և սթրես։

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) հաղորդագրության՝ Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը բոլորի համար անվճար կլինի մինչև նոյեմբերի 22-ը։

Շախմատի աշխարհի հնգակի և մեծահասակների աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այսօրվանից կպայքարի ևս մեկ տիտղոսի համար. իտալական Ասիսի քաղաքում մեկնարկում է մեծահասակների շախմատի աշխարհի առաջնությունը։