Սերունդների երազանքն է, որ երկիրը դառնա եվրոպական ընտանիքի անդամ. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի եվրոպական ճանապարհին շոշափելի արդյունքները «Վրացական երազանք» կուսակցության շնորհիվ են գրանցվել։ Այդ մասին վարչապետը խոսել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։

«Եվրոպական ճանապարհին բոլոր շոշափելի արդյունքները մեր՝ իշխող կուսակցության պատիվն է, դա ասոցացման, ազատ առևտրի, առանց վիզայի ռեժիմի և այժմ եվրոպական հեռանկարի մասին համաձայնագիրն էր, որին նախորդել էր շատ քրտնաջան աշխատանք, որ մեր թիմն արել է վերջին 10 տարում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը վերահաստատել է, որ Վրաստանը հավատարիմ է եվրոպական ընտրությանը, և սերունդների երազանքն է, որ երկիրը դառնա եվրոպական ընտանիքի արժանի և լիարժեք անդամ։

«Ուզում եմ հիշեցնել ձեզ, հարգելի ընկերներ, որ մինչև 2012 թվականը մենք ապրում էինք գործնականում բռնատիրական, ավտոկրատական ​​ռեժիմի պայմաններում, որտեղ ժողովրդավարության նշույլ չկար՝ ո՛չ ազատ լրատվամիջոցներ, ո՛չ ազատ դատարան, մենք այս ամենը շտկել ենք և շատ կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ ենք գրանցել»,- ասել է նա։

Վարչապետը խոսել է նաև Եվրամիության 12 առաջարկի մասին, նշել է, որ դրանց ուղղությամբ աշխատանքը շուտով կավարտվի։ Եվրահանձնակատարին նա ասել է, որ ընդդիմությունը ներգրավված չէ այս գործընթացում։