Աբխազիայում Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում

Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում: Մանևրներում ներգրավված են ռուսական ավիացիան և նավատորմը:

Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զորավարժություններին ներգրավված է 400 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, «Գրադ» հրթիռային համակարգեր:

«1 500 զինծառայողներ Ցաբալայի և Նաղվալոուի պոլիգոններում անցկացված մանևրների ժամանակ հազարավոր նշանակետեր են ոչնչացրել»,- ասվում է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի կողմից տարածված տեղեկատվությունում:

Ռուսաստանի հարավային շրջանի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, մանևրներում մասնակցում են Ռուսաստանի 4-րդ բանակի ավիացիան և Սև ծովի նավատորմը: