Հարձակվել են ուսուցիչ Լադո Աբխազավայի վրա

Վրացի ուսուցիչ, «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի առաջին մրցանակակիր Լադո Աբխազավայի խոսքով, Լանչխութիում հարձակվել են իր վրա։

Նա ասել է, որ հարձակվողները բղավել են «ազգային» և փորձել են հարվածել իրեն բեյսբոլի մահակով: Ուսուցիչը նշել է, որ գիտի, թե ով է հարձակվել իր վրա։ Աբխազավային արդեն հարցաքննել են ոստիկանությունում։

Ուշագրավ է, որ Աբխազավան մասնակցել է «գործակալների օրենքի» դեմ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով ցույցերին:

«Ուսուցչի ազգային մրցանակ» գործակալությունը դատապարտել է Աբխազավայի վրա հարձակումը. «Մենք դատապարտում ենք Լադո Աբխազավայի վրա հարձակումը և համերաշխություն հայտնում նրան։ Լադոն ոչ միայն ականավոր ուսուցիչ է, այլև ականավոր քաղաքացի։ Նրա վրա հարձակումը հատկապես կասկածելի է նրա քաղաքացիական ակտիվության լույսի ներքո: Ակնկալում ենք, որ հետաքննությունը կիրականացվի ժամանակին և արդյունավետ կերպով։ Մենք զրուցել ենք Լադոյի հետ. բարեբախտաբար, նա և իր երեխաները լավ են»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Աբխազավայի վրա հարձակման փաստով: Հետաքննությունն ընթանում է 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։