Հերոսների հրապարակում բռնություն գործադրողների ձերբակալության մասին տեղեկություն չկա

Մայիսի 3-ի գիշերը Հերոսների հրապարակում «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցների վրա հարձակումից անցել է 4 օր, սակայն Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) մինչ այս պահը դեպքի մասին տեղեկություն չի հրապարակել։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք գերատեսչությունը հետաքննություն սկսե՞լ է Հերոսների հրապարակում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, և որևէ մեկը ձերբակալվե՞լ է, չնայած այն հանգամանքին, որ կան նկարահանված կադրեր, որտեղ երևում են հարձակվողները։

Այս պահին հայտնի չէ նաև՝ ուսուցիչ Լադո Աբխազավայի վրա հարձակվողները ձերբակալվե՞լ են, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն էր սկսել Աբխազավայի վրա հարձակման փաստով: Հետաքննությունն ընթանում է 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։