Հետընթացը կազդի բանակցությունների փուլի մեկնարկի վրա. Ստանո

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հերթական անգամ պնդել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը Վրաստանին կհեռացնի Եվրամիությունից։ 

«Կանե՞ք որևէ բան, որպեսզի իշխանությանը հաստատակամորեն մղեք հետ կանչելու ռուսական օրենքը և աջակցելու բնակչությանը, որն արդեն 10 օրից ավելի փողոցներում բողոքում է այս օրենքի դեմ»։

Լրագրողի այս հարցին ապրիլի 29-ին Ստանոն պատասխանել է.

«Իհարկե, մենք աջակցում ենք վրացի ժողովրդին։ Եվրամիության խորհրդի անդամ երկրների որոշումը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին, արտացոլում էր վրաց բնակչության մեծ ցանկությունը դեպի եվրոպական արժեքներ և նրանց հստակ ցանկությունը՝ մերձենալու Եվրամիությանը և չհեռանալու նրանից` ինչը վկայում է սույն օրենքի ընդունումը»։

Ըստ Ստանոյի՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներն ասել են, որ «օրենքի ընդունումը Վրաստանին հեռացնում է ԵՄ-ի հետ մերձենալու իր հայտարարած նպատակից»: Նրա խոսքով, անցած երկուշաբթի այդ հարցը քննարկվել է Լյուքսեմբուրգի արտաքին հարաբերությունների խորհրդում, իսկ ավելի ուշ Ժոզեպ Բորելը կրկին խոսել է այդ մասին։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ այս օրենքը չի համապատասխանում եվրոպական արժեքներին, եվրոպական ակնկալիքներին, և երբ վերջնականապես ընդունվի, այս օրենքը կարող է բարդացնել Եվրամիության հետ մերձենալու Վրաստանի հավակնությունները»,- ասել է Ստանոն։

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության խոսնակի խոսքով՝ Բրյուսելը զրուցում է Վրաստանի կառավարության և խորհրդարանականների հետ՝ «հասկացնելու համար, թե ինչու է այդ գործողությունը խնդրահարույց և ինչ բացասական հետևանքներ կունենա»։

Ստանոյի խոսքով, Եվրահանձնաժողովն աշխատում է ընդլայնված զեկույցի վրա, որը կհրապարակվի աշնանը, և զեկույցը կարտացոլի այդ ամենը։

Ի դեպ, ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Բանաձևում, որը ոչ պարտադիր բնույթ ունի, ասվում է, որ Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ «գործակալների մասին օրենքը» ուժի մեջ է:

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «գործակալների մասին օրենքը»։ Թե երբ կքննարկվի օրինագիծը երկրորդ ընթերցմամբ՝ հոդված առ հոդված, լիագումար նիստում, դեռ հայտնի չէ։