Հայ-վրացական հարաբերություններում ունենք բացառիկ լավ մթնոլորտ. Փաշինյանի հանդիպումը Վրաստանի հայ համայնքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոտնկայս ծափողջույններով են հայ համայնքի ներկայացուցիչները Թբիլիսիի Ռուսթավելի թատրոնում դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղեկցող պատվիրակությանը: 

Փաշինյանը հանդիպման սկզբում վերհիշել է, որ վարչապետ ընտրվելուց հետո, 2018-ի հունիսին, իր առաջին պաշոնական այցը Վրաստանի Հանրապետություն է կատարել:  Փաշինյանը վերահաստատել է իր այն համոզմունքը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, ընդհակառակը՝ հետաքրքրված են Վրաստանի կայուն զարգացմամբ. «Մենք հայ-վրացական հարաբերություններում ունենք բացառիկ լավ մթնոլորտ ու թույլ տվեք ասել, որ այդ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել: Սա նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրների համար: Մենք պետք է մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով: Մեր պատմության փուլերում ունեցել ենք ընդհանուր մարտահրավերներ ու ստիպված ենք եղել միասին դիմակայել դրանց»:

Փաշինյանը կարևորել է թբիլիսահայության դերը՝ հատկապես մշակութային ժառանգության մասով, ասելով, որ Թբիլիսիի հայ համայնքը հայ ժողովրդի կյանքում ամենանշանակալի դերակատարություն ունեցողներից է: Փաշինյանը բարձր է գնահատել վրաց ժողովրդի վերաբերմունքը այդ ժառանգության նկատմամբ:

Հայաստանի վարչապետը կարևորել է ներկա գործողությունների ճիշտ ռազմավարությունը, քանի որ այսօրվա գործողություններով է կանխորոշվելու՝ ինչ միջավայրում կապրեն սերունդները տասնյակ ու հարյուրավոր տարիներ հետո նաև, ու սրա համար ներուժը բավարարում է: Հայաստանը շահագրգռված է, որ Վրաստանի հայը լինի Վրաստանի՝ կայացած ու պատասխանատու քաղաքացի: Փաշինյանն առանձնահատուկ ողջունել է նաև ջավախահայությանը՝ նշելով, որ Ջավախք իր վերջին այցի հետ կապված՝ անմար տպավորություններ ունի:

Փաշինյանի ելույթին հաջորդել է նաև պատվիրակության անդամների՝ ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի, ՀՀ ԱԺ հայ-վրացական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ելույթները, որից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի առաջարկով՝ հանդիպումը փոխվել է հարց-պատասխան ձևաչափի:

Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հարցեր են բարձրացվել գործարարների համար արդյունավետ ու գրավիչ միջավայր ստեղծելուն, հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական բնույթ տալուն, հայրենադարձությանը վերաբերող և այլ հարցեր:

ՀՀ վարչապետը հանդիպում է Վրաստանի հայ համայնքի հետ

Posted by Aliq Media on Tuesday, March 3, 2020