«Գործակալների օրենքը» խաթարում է Վրաստանի ժողովրդավարությունը. Ստոլտենբերգ

Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» ընդունումը կխաթարի Վրաստանն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավարական հասարակություն դարձնելու գաղափարը։ Պատասխանելով Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության հարցին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ես դեմ եմ օտարերկրյա գործակալների կամ արտաքին ազդեցության մասին օրենսդրությունը վերականգնելու վրացական կառավարության ցանկացած փորձի, քանի որ դա իրականում քայլ է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման դեմ…

Այսպիսով, ես մտավախություն ունեմ, որ ցանկացած օրենք, որը պարունակում է «օտարերկրյա գործակալների» այդ գաղափարը, ազդեցություն կունենա բազմաթիվ լրատվամիջոցների վրա, որոնք աշխատում են ինչպես միջազգային, այնպես էլ Վրաստանի մակարդակներում: Այն (օրենքը-հեղ.) խարխլում է գաղափարը, որ Վրաստանն ավելի ուժեղ և ժողովրդավարական հասարակություն դառնա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Բացի այդ, նա հիշել է մի քանի օր առաջ Վրաստանում գտնվելու ժամանակահատվածը և նշել, որ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը մերձենալու ճանապարհին կարևոր է բարեփոխումներ իրականացնել։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ 

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները ևս արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը