«Ավլաբարի» կայարանի վերականգնման ժամկետը կրկին հետաձգվել է

Թբիլիսիի մետրոյի «Ավլաբարի» (Հավլաբար) կայարանի վերին գավթի վերականգնողական աշխատանքների ավարտի վերջնաժամկետը հերթական անգամ հետաձգվել է. այս անգամ` մինչև 2024 թվականի դեկտեմբեր։

Ժամկետի հետաձգման մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել է «Թբիլիսի տրանսպորտային ընկերության» և կապալառու «Բադա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև։

«Աշխատանքների ընթացքում բացահայտված չնախատեսված հանգամանքների պատճառով անհրաժեշտ է եղել ճշգրտել նախագծային փաստաթղթերը… Վերոնշյալի դիտարկումը հանգեցնում է պայմանագրի գործողության ժամկետի փոփոխության»,- radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ գրված է համաձայնագրի փաստաթղթում։

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունն «Ավլաբարի»-ի վերականգնողական աշխատանքներն առանց մրցույթի՝ 4,2 մլն լարիով, պատվիրել է «Բադա Քոնսթրաքշն»-ին։ 2022 թվականի հունիսին կնքված պայմանագրի համաձայն, կապալառուն պետք է աշխատանքն ավարտեր շինարարության թույլտվությունից հետո 8 ամսվա ընթացքում։

Նախնական պայմանավորվածության համաձայն, աշխատանքը պետք է ավարտվեր մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը։ Այդ ընթացքում վերջնաժամկետը երկու անգամ երկարացվել է.

  • 2023 թվականի հուլիսի 14-ին կնքված պայմանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի մարտի 15-ը,
  • 2024 թվականի մարտի 15-ին կնքված պայմանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 24-ը։

Սակայն 2024 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ մետրոյի «Ավլաբարի» կայարանի վերականգնման աշխատանքների ավարտը հետաձգվելու է մինչև ամառ։

«Բադա գրուպ» ՍՊԸ-ի («Բադա Քոնսթրաքշն») ընկերության տնօրենը 60 հազար լարի է նվիրաբերել իշխող կուսակցությանը։ Նրա սեփականատերը՝ Բաչանա Ադամիան, ունի մի քանի այլ ընկերություններ, որոնք պարզեցված եղանակով, ընդհանուր առմամբ, կատարել են ավելի քան 100 գնումներ։

Ինչ վերաբերում է «Բադա Քոնսթրաքշնին», ապա նրան վստահվել է մետրոյի մեկ այլ կայարանի՝ «Վարկեթիլի»-ի վերականգնումը։ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրով` աշխատանքը պետք է ավարտվի 18 ամսում, ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին։ Այս դեպքում ևս 13,4 մլն լարիի պայմանագիրը կնքվել է առանց մրցույթի։