Նախագահը դատապարտել է օկուպացված տարածքներում ՌԴ նախագահական ընտրությունները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացմանը: Վրաստանի նախագահի խոսքով, այդ գործողությունը լիովին հակասում է միջազգային նորմերին։

«Լիովին անընդունելի և անօրինական է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում։ Սա ևս մեկ անգամ կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և լիովին հակասում է միջազգային նորմերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահը:

Նախագահը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել. «Այսօր, երբ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը դեռ օկուպացված են, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով արձագանքել Ռուսաստանի Դաշնության այս անօրինական գործողություններին, որոնք խաթարում են երկրի ինքնիշխանությունը»:

Նախագահի վարչակազմի տվյալներով, Զուրաբիշվիլին այս հարցը բարձրացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մարտի 18-ին Օրբելիանիի պալատում կայացած հանդիպմանը և ևս մեկ անգամ դատապարտել այդ ապօրինությունը։

Ի դեպ, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դատապարտել է Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը։ Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ ընտրատեղամասերն ապօրինի են բացվել:

Նշենք նաև, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահներ Ասլան Բժանիան և Ալան Գագլոևը շնորհավորել են Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Աբխազիայի դե ֆակտո նախագահի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում Բժանիան նշել է, որ «Աբխազիայի ժողովուրդը գործնականում միաձայն պաշտպանել է» Պուտինի թեկնածությունը։ Ըստ տեղեկության՝ Հարավային Օսիայում Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 97 տոկոսը։

Հիշեցնենք, որ ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվան Վրաստանի երկու շրջանները՝ Հարավային Օսիան և Աբխազիան, ճանաչել է «անկախ պետություններ»: Այս շրջաններում բնակչության մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

Ուշագրավ է նաև, որ Պուտինը հինգերորդ ժամկետով է դառնում Ռուսաստանի նախագահ:

Թբիլիսին դատապարտում է օկուպացված տարածքներում ՌԴ նախագահական ընտրությունները