Հայաստանի քաղաքական վեկտորը. «Մթավարի արխի»-ի անդրադարձը

Լուսանկարը՝ mtavari.tv-ի

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքը «Հայաստանի քաղաքական վեկտորը. Ստոլտենբերգի այցը կովկասյան տարածաշրջան, այդ թվում՝ Վրաստան» թեմայով տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում խոսվում է վերջին տարիներին Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների մասին, մասնավորապես՝ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մասին. սրա ֆոնին «Մթավարի արխի»-ն ուշադրության է արժանացնում նաև Հայաստանում ընթացող զարգացումների ազդեցությունը Վրաստանի վրա:

Տեսանյութում նշվում է, որ ռուսական ազդեցությունը Վրաստանում ուժեղանում է, ինչն, ակնհայտորեն, Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքականության և՛ նպատակն է, և՛ արդյունքը։ Սակայն, Վրաստանի անմիջական հարևանությամբ հակառակն է տեղի ունենում, Անդրկովկասում. անգամ Կրեմլի միակ դաշնակից պետությունը՝ Հայաստանը, դուրս է գալիս կոլեկտիվ անվտանգության պայմանագրից և առաջին քայլերն է անում դեպի ՆԱՏՕ և ԵՄ:

«Հայաստանի վարչապետը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի անվտանգության հուսալի և վստահելի երաշխավոր։ Եվրախորհրդարանն իր բանաձևով կանաչ լույս վառեց Երևանին՝ եթե Հայաստանը ցանկանա անդամակցել կազմակերպությանը, Բրյուսելը բանակցություններ կսկսի նրա հետ։ 12 տարվա ընդմիջումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան, իսկ մինչ այդ կայցելի Թբիլիսի:

Սա կլինի ևս մեկ հաստատում, որ Արևմուտքն արդեն օրգանապես կովկասյան տարածաշրջանը համարում է Եվրոպայի մաս։ Այս յուրահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակը Վրաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ ուղղություններով, որոնք պետք է համապատասխանաբար օգտագործել»,- նշված է տեսանյութում:

«Մթավարի արխի»-ն թեմայի շուրջ խոսել է նաև «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ: Խառատյանը նշել է, որ Հայաստանում (Ռուսաստանի նկատմամբ-հեղ.) վերաբերմունքը շատ է փոխվել, և դրանում, իհարկե, կարևոր դեր է խաղացել ղարաբաղյան հակամարտությունը, որից պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի գործընկերը:

«Պաշտպանությունը Հայաստանի հիմնական պահանջն էր, թեև մենք տեսանք, որ Ռուսաստանը մեզ ճիշտ ժամանակին չի պաշտպանում և չի կարող (պաշտպանել — հեղ.)։ Այսօր Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ տրամադրությունները պատմական ցածր մակարդակի վրա են, որը նախկինում երբեք չի եղել: Ռուսաստանի զինուժի երկարաժամկետ ներկայությունը Հայաստանի տարածքում ոչ թե ավելի պաշտպանություն բերեց Հայաստանին, այլև մեծացրեց երկրի համար սադրանքների վտանգը», — նշել է Խառատյանը:

Խառատյանը նաև ասել է. «Մեր տեղեկություններով՝ նախարարների կաբինետն արդեն նախազգուշացում է ստացել, որ Կրեմլը պատժիչ փաթեթ է պատրաստում Հայաստանի համար, որն ավանդաբար ենթադրում է էներգետիկ ռեսուրսներ և ազդեցիկ խմբերի հզորացում։ Մենք արդեն տեսել ենք իշխանության տապալման կոչեր»:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր՝ մարտի 18-ին, այցելել է Վրաստան։ Ստոլտենբերգը մինչ այդ գտնվում էր Ադրբեջանում, մարտի 19-ին կմեկնի Երևան։ Նա Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Թբիլիսի՝ ամփոփ