«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Վրաստանի վարչապետը ներկայացրեց Ախալքալաքիի և Նինոծմինդայի քաղաքապետերի թեկնածուներին

ՄԵԼՔՈՆ ՄԱԿԱՐՅԱՆ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՔԱՂԱՔ ՈՒ ԳՅՈՒՂ»

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին Վրաստանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը շարունակում է մունիցիպալիտետներում քաղաքապետերի եւ մունիցիպալիտետների սակրեբուլոների անդամության իր կողմից առաջադրած թեկնածուների ներկայացման շնորհանդեսը։
Սեպտեմբերի 12-ին նման միջոցառում անցկացվեց Ախալքալաքիում։ «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանին եւ սակրեբուլոյի անդամության թեկնածուներին ներկայացնելու համար տարածաշրջանում էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, պաշտոնական այլ անձինք։
ԱՆԻ ՄՈՍՈՅԱՆ. «ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԼԱԿԱՆ»
Սեպտեմբերի 12-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի մասնակցությամբ, Նինոծմինդայում տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման ընտրություններում «Վրացական երազանքի» կողմից առաջադրված Նինոծմինդայի քաղաքապետի եւ մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամության թեկնածուների ներկայացման շնորհանդեսը։ «Մենք միասին անցել ենք երկար ու բարդ ճանապարհ, հասել ենք նշանակալի հաջողությունների։ Մեր ակտիվում վերջին յոթ ընտրություններում հաղթանակ ենք նշել, եւ այսօր պատրաստվում ենք հոկտեմբերի 2-ին նշել ութերորդ հաղթանակը, երբ «Երազանքի» թեկնածու Անի Մոսոյանը անվերապահ կհաղթի»:
Սեմտեմբերի 15-ին Վրաստանում սկսվեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում սկսվեց նոր ուսումնական տարին: Երկրի բոլոր դպրոցներում, բուհերում եւ մասնագիտական ուսումնարաններում ուսումնական գործընթացը մինչեւ հոկտեմբերի 4- ը կընթանա հեռավար մեթոդով:

Վրաստանի վարչապետի ղեկավարած միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, խոշոր քաղաքներում ու որոշ գյուղերում ուսումնական գործընթացը բոլոր դասարանների աշակերտների համար մեկնարկեց հեռավար կարգով: Ըստ կառավարության որոշման, հոկտեմբերի 4-ից ուսումը առկա կշարունակվի այն գյուղերի եւ քաղաքների դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում, որտեղ վարակի տարածման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի: Վրաստանում առաջին դասարանցիների ուստարին կսկսվի հոկտեմբերի 4-ից, դասասենյակներում: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի ուղերձում Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին առանձնակի ընդգծեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ուսուցման հեռավար ձեւաչափը իրավիճակով թելադրված պարտադիր, սակայն ժամանակավոր երեւույթ է, եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում կրթական բոլոր հաստատություններում ուսուցման գոծընթացը կիրականացվի նորմալ ընթացակարգով:
ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԹՈՒՆԵԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՈՐԸ ԳՐԵԹԵ ՄԵԿ ԺԱՄՈՎ ԿԿՐՃԱՏԻ ԹԲԻԼԻՍԻԻՑ ՍՏԵՓԱՆԾՄԻՆԴԱ-ԼԱՐՍ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱԺԱՄԱՆԱԿԸ

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն ակտիվորեն շարունակում է երկրի համար բացառիկ ճանապարհաշինական՝ Թբիլիսիից մինչեւ Ստեփանծմինդա ռազմավիրական կոչվող ճանապարհի Քվեշեթի-Կոբի ավտոճանապարհի 9 կմ երկարության թունելի շինարարության նախագիծը

Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի թունելի շինարարության շրջանակներում, սկսվել են թունելի հորատման աշխատանքները, ինչը հյուսիս-հարավ միջանցքի մայրուղու արդիականացման նախագծի բաղկացուցիչ մասն է։ Նախագծի շրջանակներում, կարգավորվելու է երկու գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհ, հինգ կամուրջ, հինգ թունել, իրականացվելու է կամրջի վերանորոգում։ Հորատումն իրականացվելու է TBM (Tunnel hiring machine¤ հորատիչով, որը աչքի է ընկնում նրանով, որ աշխատանքի ընթացքում նրա տատանումը նվազագույնն է, ինչն ապահովում է անվտանգ աշխատանքային գործընթաց եւ նվազագույն վնասշրջակա միջավայրին։ 9կմ երկարությամբ եւ 15մ շառավղով թունելը աշխարհում բացառիկ ստորգետնյա անցումներից մեկը կլինի եւ առաջիկայում իր տեղը կզբաղեցնի աշխարհի խոշորագույն թունելների շարքում։ Հատկանշական է, որ նախագծի շրջանակներում նաեւ կկառուցվի ինժեներական արտակարգ բարդության 550մ երկարությամբ կամարաձեւ կամուրջ։ Ներկա դրությամբ, Վրաստանում նման կամուրջ գոյություն չունի։ Կամարաձեւ կամուրջը ճարտարապետության տեսանկյունից, օրգանապես կհամապատասխանի տեղի բնությանը եւ առաջիկայում կվերածվի Վրաստանի տեսարժան վայրերից մեկի։ Հնշեցնենք, որ ներկա դրությամբ, գործող ճանապարհի երկարությունը 34կմ է։ Նոր ճանապարհի գործարկմամբ, այն կկրճատվի 11կմ-ով, ինչը թույլ կտա տնտեսել մեկ ժամ ճանապարհաժամանակ, որպեսզի Թբիլիսիից հասնեն Ստեփանծմինդա՝ վրաց-ռուսական սահման։ Հատկանշական է նաեւ այն փաստը, որ նոր ճանապահի գործարկմամբ, լրիվությամբ բացառվում է ձնահոսքերի, ճանապահի սառցակալումների, սողանքների հետեւանքով ճանապարհային երթեւեկության կանգնեցման, ավտոմեքենաների բազմակիլոմետրանոց խցանումների հավանականությունը: