ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։ Նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Կոբախիձեի հետ հանդիպումից հետո կառավարության վարչակազմում համատեղ ճեպազրույց կանցկացվի։

Ստոլտենբերգը մինչ այդ գտնվում էր Ադրբեջանում, Թբիլիսիից կմեկնի Երևան։

Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ որպես Վրաստանի կառավարության ղեկավար իր առաջին այցի շրջանակներում, փետրվարի 21-ին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել էր, որ իրենք «մաղթում են, որ Վրաստանն ընթանա ճիշտ ուղղությամբ: Դեպի ավելի շատ ժողովրդավարություն և բարգավաճում, դեպի եվրատլանտյան ընտանիքին լիիրավ անդամություն» և ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Թբիլիսիի հետ լինել այդ գործընթացում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցում նշվում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, որը հավակնում է դառնալ դաշինքի անդամ։ Զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական կարողությունների զարգացման փաթեթներն ավելացել են։