Վարչապետը Խորվաթիայում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Զագրեբի կատարած այցի շրջանակներում հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։

«Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին մանրամասնորեն խոսել է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման մասին և նշել, որ երկիրն արժանիորեն սպասում է տարեվերջին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակին։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի համար հատկապես կարևոր է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի փորձի փոխանակումը», — նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և Խորվաթիայի պատմական, մշակութային և տարածքային նմանությունը, որն էլ ավելի սերտ և արդյունավետ է դարձնում երկու երկրների բարեկամությունն ու համագործակցությունը։

Խորվաթիան և Վրաստանն այս տարի նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։