Նախարարը հերքում է Մեքսիկայում վրացիների առևանգման լուրը

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին հերքում է Մեքսիկայում Վրաստանի տասնյակ քաղաքացիների առևանգման մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը։

Սա նախարարի առաջին մեկնաբանությունն է նարկոկարտելի կողմից Վրաստանի քաղաքացիներին գերեվարելու մասին տարածված տեղեկությունից հետո։

«Ձեզնից բացի, ոչ ոք չի խոսում վրացիների առևանգման մասին, մի մոլորեցրեք մեր քաղաքացիներին, մեր հեռուստադիտողներին: Ոչ ոք չի առևանգվել… Մենք աշխատում ենք մեզ հետ կապ հաստատածների հետ՝ արձագանքելու նրանց կարիքներին, մենք դա ապագայում ևս կանենք»,- վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:

Ի դեպ, օրեր առաջ հաղորդվել էր, որ Վրաստանի մոտ 30 քաղաքացի, ովքեր ցանկացել են Մեքսիկայից ապօրինի անցնել ԱՄՆ, առևանգվել են թմրակարտելի կողմից, ազատ արձակելու դիմաց պահանջվում է 90 հազար դոլար։ Մարտի 16-ին արտաքին գործերի նախարարությունը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Մեքսիկայում Վրաստանի դեսպանատունը «պարզում է Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը»։

Ամեն տարի Վրաստանի շատ քաղաքացիներ ներգաղթում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հաճախ անօրինական ճանապարհով՝ Մեքսիկայով: