Իվանիշվիլիի ունեցվածքն ավելացել է 600 մլն դոլարով

Ամերիկյան Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը վերջին մեկ տարում ավելացել է 600 մլն դոլարով:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի հուլիսին Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատվել է 5,6 մլրդ դոլար, իսկ 2023 թվականի հուլիսի 12-ի դրությամբ` Իվանիշվիլիի ունեցվածքը կազմում է 6,2 միլիարդ դոլար:

Այս պահին Իվանիշվիլին մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց մեջ միակ վրացին է և զբաղեցնում է 411-րդ տեղը։

Ըստ Bloomberg-ի՝ Իվանիշվիլին ունի 5,15 միլիարդ դոլար կանխիկ գումար, մնացածը ներդրված է մասնավոր ակտիվներում: Մասնավոր ակտիվներից 45 միլիոն դոլարն անշարժ գույք է, իսկ 1 միլիարդ դոլարը՝ արվեստի գործեր։

Ի դեպ, 2021 թվականի հունվարին Իվանիշվիլին հայտարարեց, որ կպահի ընդամենը 200 միլիոն դոլար, իսկ մնացած գույքը կտա բարեգործական հիմնադրամին։