Երեկվա օրը համառոտ. հունվարի 11

Հունվարի 11-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 968 313-ի: Երեկվա տվյալներով՝ Վրաստանում լաբորատոր պայմաններում հաստատված «օմիկրոնով» վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասավ 951-ի:

Այս ֆոնին՝ Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածները կկարողանան ընդունել երկու դեղամիջոց՝ «Պաքսլովիդ» և «Մոլնուպիրավիր» նույնիսկ տանը բուժվելու դեպքում։ Ըստ Ցերցվաձեի՝ այդ դեղամիջոցները Վրաստանը շուտով կգնի։

Թբիլիսիի կառավարման նիստում քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց այս տարվա սոցիալական առաջին ծրագրերից՝ դեղորայքի 500 լարիանոց (մոտ 160 դոլար) վաուչերների մեկնարկի մասին։

Կախա Կալաձեի խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի համաձայն, այս ծրագրի շահառուները կլինեն Թբիլիսիում գրանցված կենսաթոշակային տարիքի անձինք, որոնց սոցիալական վարկանիշային միավորը չի գերազանցում 200 հազարը։

Կառավարությունում տեղի ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստոին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն էլ ահազանգեց փետրվարի սկզբին Վրաստանում «օմիկրոնի» թվի աճի մասին։

Համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարեց, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ուսումնական գործընթացի հետաձգման վերաբերյալ առաջարկություններ չի արել:

«Ամեն ինչ կիրականացվի այնպես, ինչպես նախատեսված է։ Եթե անհրաժեշտություն առաջանա, իհարկե, խորհուրդը կանդրադառնա այս հարցին»,- ասել է Գաբունիան։ 

Գաբունիան նաև հայտարարեց, որ առաջիկա օրերին Վրաստանում կվերանայվեն ինքնամեկուսացման և կարանտինի պայմանները։

Խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն էլ հայտարարեց, որ լրացուցիչ կարգավորումների վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել և միայն առաջարկություններ է ներկայացվել։

Երեկ նաև հստակեցվեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին տրվող 200 լարի վճարը կգործի մինչև հունվարի վերջ։ 

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակեց կարգավիճակը բարձրացնել ցանկացող ուսուցիչների քննությունների 2022 թվականի հարցաշարերի օրինակները։

Երեկ հայտնի դարձավ նաև, որ 2022 թվականի գարնանից Վրաստանի շուկայում միսը կվաճառվի QR կոդով:

2022 թվականի փետրվարի 10-ից էլ Վրաստանում կթանկանան բջջային հեռախոսակապի սակագները:

Երեկ հայտնի դարձավ նաև, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության որոշմամբ՝ կուսակցության քաղխորհրդի նախագահ է դարձել Կոբա Նակոպիան, իսկ նրա տեղակալի պաշտոնը զբաշեցրել է Ակակի Մինաշվիլին։ Ինչպես նաև գործադիր քարտուղար է նշանակվել Պետրե Ցիսկարիշվիլիին։ 

Օրվա ավարտին Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը տեսաուղերձով ևս մեկ անգամ ուշադրությունը հրավիրեց Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգների վրա՝ ոչ միայն բուն ԱՄՆ-ի, այլ նաև նրա դաշնակիցների ու գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի համար։

Նորայր Միսկարյան