Ռուսաստանը տարիներ շարունակ փորձում է պառակտել ԱՄՆ-ը, մեր եվրոպացի դաշնակիցներին ու գործընկերներին. Քելլի Դեգնան

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգների վրա՝ ոչ միայն բուն ԱՄՆ-ի, այլ նաև նրա դաշնակիցների ու գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի համար։ Այս մասին Քելլի Դեգնանն ասել է տեսաուղերձում՝ հավելելով, որ ԱՄՆ-ը դա թույլ չի տա։

«Ամեն օր դուք տեսնում եք ռուսական ագրեսիան՝ օկուպացիայի և ապատեղեկատվության տեսքով: Ռուսաստանը տարիներ շարունակ փորձում է պառակտել ԱՄՆ-ը և մեր եվրոպացի դաշնակիցներին ու գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին»,- ասել է Դեգնանը։

Ըստ Դեգնանի՝ Կրեմլը ոչինչ չի կարող առաջարկել, բացի վախից, ճնշումից և ապատեղեկատվությունից:

«Սրանք այն արժեքները չեն, որոնց պաշտպանում են Վրաստանը և Միացյալ Նահանգները: Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ միասնական, ազատ և խաղաղ Եվրոպային: Մենք կշարունակենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ՝ դա իրականություն դարձնելու համար: Բայց մենք չենք կարող և չենք պատրաստվում հրաժարվել եվրոպական անվտանգությունից, ինքնիշխանությունից կամ ազատությունից։ Վրաստանի կարգախոսը մեր կարգախոսն է՝ «Ուժը միասնության մեջ է»,- ասել է Դեգնանը։

Դեգնանը նաև ընդգծել է, որ վրացիները ժողովրդավարության արդյունքում կարող է ընտրել իր ապագան:

Դեսպանն առանձնացրել է մի քանի կետեր .

  • «Միացյալ Նահանգները հարգում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, ներառյալ Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությունը: Ռուսաստանը չի կարող վետո դնել ձեր ինքնիշխան որոշումների վրա»,
  •  «Մենք չենք պատրաստվում խոսել Վրաստանի մասին առանց Վրաստանի: Պետքարտուղար Բլինկենն ասաց. «Մեր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը անսասան է: Մենք միջազգային հանրության ճնշող մեծամասնության հետ միասին կշարունակենք կոչ անել Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի օկուպացիան»,
  •  «Մենք նաև հաստատակամորեն հավատարիմ ենք Բուխարեստի հռչակագրին. Վրաստանը և մյուս գործընկերները կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, երբ կատարվեն անդամակցության պայմանները»:

«Նախագահ Պուտինի նպատակն է թույլ չտալ, որ այդ երկրները, այդ թվում՝ Վրաստանը, հանդես գան որպես լիովին ինքնիշխան և անկախ պետություններ՝ իրենց անվտանգության գործընկերներին ընտրելու իրավունքով», — եզրափակել է դեսպանը։

Նորայր Միսկարյան