Նինոծմինդայի մանկատան շուրջ աղմուկը չի դադարում. ինչ կատարվեց

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներն ահազանգում են` Նինոծմինդայի մանկատանն իրավիճակը մնում է  մտահոգիչ:

Նրանք կոչ են անում  կառավարությանը` արդյունավետ քայլեր ձեռնարկել` երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներն ու սկզբունքները հաշվի առնելով, ողջունում  են երեխաներին  փակ հաստատությունից հանելու` դատարանի որոշումը, գտնում  են, որ հարկավոր է մնացած անչափահասներին ևս հանել ինտերնատից, նրանց համար անվտանգ միջավայր ապահովել:

20 անչափահաս լքել է Նինոծմինդայի մանկատունը

Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով ՝ այս փուլում Նինոծմինդայի մանկատունը լքել է  ևս 20  շահառու` այդ թվում հաշմանդամություն ունեցող 7 երեխա:  Անչափահասների համար այլընտրանքային խնամքի ծառայություններ են նշանակվել: Խոսքն ընտանեկան տիպի մանկատների մասին է, կամ խնամատար ընտանիքների: Այս փուլում որոշ երեխաներ ուղարկվել են կենսաբանական ընտանիքներ: Տարբեր իրավիճակներում սոցաշխատողները գործում են անհատական մոտեցմամբ, տեղում գնահատվում է  իրավիճակը, փորձ է արվում երեխաներին զերծ պահել վնասից, պահպանել նրանց հիմնարար իրավունքները` հաղորդում են գերատեսչությունից:

Դատարանի որոշումը

«Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (PHR) իրավապաշտպան խումբը հունիսի 5-ին հայտարարեց, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել` անհապաղ տանել երեխաներին` Նինոծմինդայի մանկատնից: Կազմակերպությունը հունիսի 4-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես անվտանգության միջոց` բոլոր երեխաներին անհապաղ դուրս բերել տուն-ինտերնատից: Դատավորը միջնորդությունը մասամբ է բավարարել: Վրաստանի պատրիարքարանը հայտարարել էր դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

Ինչ է կատարվել

Մայիսի 7-ին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին հանձնարարեց մոնիթորինգ անել  Վրաց ուղղափառ եկեղեցու կառավարման տակ գտնվող` Նինոծմինդայի երեխաների տուն-ինտերնատում:

Եկեղեցին օմբուդսմենին և նրա ներկայացուցիչներին թույլ չէր տվել մուտք գործել մանկատուն: Բացի այդ` հունիսի 2-ին Հանրային պաշտպանը հայտարարեց, որ Նինոծմինդայի տուն-ինտերնատի հետ կապված 2016-2021 թվականներին չորս հետաքննություն է տարվում: Դրանցից մեկը կապված է հնարավոր բռնաբարության, իսկ մյուս երեքը՝ երեխաների նկատմամբ բռնության հնարավոր դեպքերի հետ:

Ըստ առկա տեղեկությունների` պանսիոնատում բնակվում է շուրջ 150 երեխա: Հանրային պաշտպանի` 2015 և 2018 թվականների զեկույցներում նշվում է, որ ի թիվս պանսիոնատի այլ խնդիրների, վերհանվել են  «դաստիարակության խիստ ոճը և սոցիալականացման բացակայությունը»: Սարկավագներից մեկը նույնպես հաստատել է երեխաների նկատմամբ խիստ վերաբերմունքի փաստերը:

Նինոծմինդայի տուն-ինտերնատի մասին  լրատվամիջոցներում բարձրաձայնելուց  հետո  խնամակալության պետական ​​գործակալությունը հայտարարեց, որ սոցիալական աշխատողներին կթույլարտվի  մուտք գործել հաստատություն: Սակայն մայիսի 19-ին Հանրային պաշտպանը հայտարարեց, որ աշխատակիցներին կրկին հրաժարվել են ներս թողնել:

Ըստ հանրային պաշտպանի գրասենյակի`  այս փաստը ցույց է տալիս, որ պետությունը չի կատարում ՄԱԿ-ի կողմից իր վրա դրված պարտավորությունները:

Լուսանկարը` ՆՈՐ ռադիոկայանի