Պատժամիջոցներին չմիանալու պատճառով իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է դարձել․ Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին նախորդ տարի ևս, քանի որ դրա համար կոնկրետ քայլեր էր ձեռնարկել։

Քաղաքապետը նշել է՝ Վրաստանին կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի չունեցավ։ Կալաձեի խոսքով, Վրաստանի ներկայիս իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է, քանի որ չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում և երկրորդ ճակատ չի բացում երկրում (Ռուսաստանի դեմ-խմբ.)։

Կալաձեի պնդմամբ՝ այս ամենն օգտագործվում էր որպես յուրօրինակ լծակ, որից հետո էլ Վրաստանին տրվեց 12 կետից բաղկացած հանձնարարական:

«Ես դա բազմիցս կրկնել եմ և նորից կասեմ, որ Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին։ Ճիշտ է, որոշումը կայացվեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապված, բայց մենք առաջինն էինք դրան արժանի… Եթե իրատեսորեն նայենք, պարամետրերով ու թվերով, ապա Վրաստանն առաջինն է կոնկրետ քայլեր ձեռնարկում՝ բարեփոխումներ իրականացնելով, կոռուպցիայի դեմ պայքարով և այլն»,- ասել է Կալաձեն։

Հարցին, թե  արդյոք կառավարությունը կատարում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի և Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հանձնարարականները, Կալաձեն ասել է, որ 12 կետից բաղկացած ծրագրում դրանց մասին որևէ հիշատակում չկա։

«Մեր կառավարությունը պատրաստ է գործել բարեխղճորեն, անել ամեն ինչ, որպեսզի երկիրը ստանա կարգավիճակ։ Թե ինչ որոշում կկայացնեն, մեզանից կախված չէ։ Եթե ​​թեկնածուի կարգավիճակ տան, մենք ուրախ կլինենք, եթե ​​չտան՝ դա էլ խնդիր չէ։ Ո՛չ Գվարամիան, ո՛չ էլ հանցագործ Սաակաշվիլին այս 12 կետից բաղկացած ծրագրում նշված չեն»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։