Տեսանյութ «Յար-արի-Գյումրի». Հայ-վրացական բարեկամության 6-րդ ֆիլմն էկրանին է

«Յար-արի-Գյումրի». Վիտորիա Մակսոևայի՝ հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող՝ թվով վեցերորդ ֆիլմի ցուցադրությունն է Թբիլիսիում:  Հայաստանի հումորի մայրաքաղաքի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է «Ես գնում եմ Երևան» ֆիլմի հաջողությունից հետո: Բացի դրանից, Գյումրիի հետ ֆիլմի հեղինակին կապում է իրենց ընտանիքի պատմությունը: Ցեղասպանությունից հետո Մակսոևայի կորած տատիկին գտել են նախկին Ալեքսանդրապոլի մանկատանը, որտեղից էլ Թիֆլիս է տեղափոխվել:

Վրաստանը Հայաստանի կողքին է եղել ամենադժվար պահերին, օրինակ 88-ի երկրաշարժից հետո առաջին օգնությունը հենց Վրաստանից էր: Այս թեմաները չնայած պատճառ են ֆիլմ ստեղծելու համար, բայց Մակսոևան ասում է՝ շրջանցել են ծանր ու տխուր թեմաները: Մնալով ոճին հավատարիմ, գեղարվեստական մոտեցումներով՝ քաղաքի մշակույթ ու պատմությունը ներկայացնող Ֆիլմը հումորային տրամադրությամբ է, գլխավոր հերոսը դժբախտություններ տեսած ու դժվարության պահին անգամ կատակող Գյումրին է` իր ողջ հմայքով, ուղեկցող հերոսը Գյումրու խորհրդանիշ Պոլոզ Մուկուչն է, ֆիլմի կադրերում խրհրդանշորեն ներկայացվում է նաև երկու ազգերի մեծերի՝ Վախթանգ Կիկաբիձեի ու Ֆրունզիկ Մկրտչյանի ընկերությունը.

«Այս ցուցադրությամբ մենք ուզում ենք հայերին ու վրացիներին ավելի մոտ դարձնենք»-, ասում է Վիկտորիա Մակսոևան,- «Վրաստանում պետք է ավելի շատ իմանան հայերի մասին, և նաև հակառակը՝ Վրաստանի մասին հայերին ենք պատմում՝ այսպիսով   ամրապնդելով երկու երկրների մշակութային կապերը»:

Մակսոևան ասում է՝ փակագծերը չի բացի, բայց այս ուղղությամբ էլի շատ գաղափարներ ու ապագա ծրագրեր ունեն: Թե Հայաստանում, թե Վրաստանում՝ չբացահայտված ու ներկայացնելու արժանի շատ բան կա: Որպես հաջողության օրինակ՝ նշում է Հայաստանում վրացական համայնքի մասին պատմող տեսաշարը, որի շնորհիվ շատերն իմացան, որ Հայաստանում մեծ թվով վրացիներ են ապրում՝ ընտելացած հայկականին ու պահելով իրենց ազգայինը: Վերջնական գաղափարը հենց սա է՝ առավելագույնս ծանոթանալ երկու երկրների մշակութային ու ազգային առանձնահատկություններին, ինչի  շնորհիվ կմեծանա սերն ու երկկողմ հարգանքը:

Ֆիլմի պրեմիերան եղել է Հայաստանի առաջին ալիքի եթերում, նաև ռուսական հեռուստաալիքներից մեկով, շուտով այն ազատ դիտմամբ հասանելի կլինի համացանցով: