ՌԴ-ի հետ չվերթերի վերականգնման դեմ ցույց է նախատեսվում

Թբիլիսիում, խորհրդարանի մոտ՝ ի նշան Ռուսաստանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման դեմ բողոքի, այսօր՝ ժամը 20:00-ին, «Ռուսական օդանավը ԵՄ տարածքում վայրէջք չի կատարում» խորագրով բողոքի ակցիա կանցկացվի:

Կազմակերպիչների ընդհանուր հայտարարության մեջ նշվում է՝ ակցիան չի ունենա առաջնորդներ, չեն լինի նաև հրապարակային ելույթներ։ Ըստ նրանց՝ ՌԴ-ի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը վտանգի տակ է դնում Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցը:

«Ավելին՝ այս փաստի պատճառով ողջ երկիրը կարող է բռնակցվել և կիսել Բելառուսի ճակատագիրը։ Վրաստանի բնակչության գերակշիռ մասի ընտրությունը Եվրոպան է։ Մենք՝ քաղաքացիներս, չպետք է թույլ տանք շեղում այդ ընթացքից»,- նշված է «Տալղա» և «Ջիուտի» քաղաքացիական շարժումների համատեղ հայտարարության մեջ։

Ակցիայի հիմնական պահանջը Ռուսաստանից Վրաստան և դեպի Ռուսաստան թռիչքներն արգելելն է:

Այսօր, ի դեպ, չորս տարվա ընդմիջումից հետո Մոսկվայից ժամանած օդանավի առիթով ակցիա է իրականացվել Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածքում, ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի 6 մասնակցի։

Թբիլիսիում մոսկովյան օդանավը բողոքի ցույցերով են դիմավորում