Ավարտվեցին վրաց-ամերիկյան զորավարժությունները

Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի արևմտյան գումարտակի, Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության առափնյա պահպանության հատուկ ջոկատների և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի համատեղ փոխանակման զորավարժություն (JCET) է տեղի ունեցել:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

Ըստ ՊՆ-ի՝ երեք շաբաթյա վարժանքների ընթացքում անձնակազմը զարգացրել է օպերատիվ հմտություններ և գործնական պարապմունքներ իրականացրել ուսումնական տարբեր բաղադրիչներում՝ առափնյա հետախուզություն, առափնյա գրոհ, դարանակալում, մարտավարական պատրաստություն և այլն:

«Եզրափակիչ փուլում մասնակիցներն անցկացրել են ցուցադրական վարժանք: Գործողությունը ենթադրում էր հակառակորդի վերահսկվող տարածքից թիրախի ազատում և անվտանգ տարհանում։

Հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների զինվորականները միջազգային գործընկերների, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ համատեղ պարբերաբար փոխանակման զորավարժություններ (JCET) են անցկացնում: Զորավարժությունների նպատակն է էլիտար ստորաբաժանումների միջև վերապատրաստման փորձի փոխանակումը, փոխհամատեղելիության բարձրացումը և մարտական ​​պատրաստության մակարդակի բարձրացումը»,- նշել են ՊՆ-ից: