Երեկվա օրը համառոտ. հունվարի 13

Հունվարի 13-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 979 235-ի: Մեկ օրում արձանագրված դեպքերի թիվը 5 326 էր։

Երեկվա դրությամբ՝ Վրաստանում լաբորատոր հաստատվել է «օմիկրոնի» 1009 դեպք։

Վարակաբան Մայա Բուծաշվիլին հայտարարեց «օմիկրոնին» բնորոշ հինգ հիմնական ախտանիշների մասին։

Այս ֆոնին պարզ դարձավ, որ Վրաստանում աճել է մահացության ցուցանիշը։ 2021 թվականին միջինում օրական ծնվել է 123 երեխա, մահացել՝ 160 մարդ։

Ըստ Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության (GNTA)՝ 2021 թվականը Վրաստանում նշանավորվել է զբոսաշրջության վերականգնման արագ տեմպերով, ինչպես եկամուտների, այնպես էլ ճանապարհորդության տեսանկյունից։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության (Human Rights Watch) տվյալների էլ՝ 2021 թվականին Վրաստանում հետընթաց է գրանցվել մարդու իրավունքների պաշտպանության առումով։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» (TI) հայտարարություն տարածեց՝ Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի և Ավթանդիլ Ծերեթելիի փողերի լվացման գործը որակելով քաղաքական դատավարություն։

Անակլիայի զարգացման կոնսորցիումն էլ իր հերթին արձագանքելով իր բաժնետերերի՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմանը՝ այն որակեց «Վրացական երազանք»-ի կողմից քաղաքական հաշվեհարդարի շարունակություն։

Երեկ, Թբիլիսիի ակումբները հայտարարեցին, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում փակման և փոխհատուցման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո արված հայտարարությանը։

Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևոր հայտարարություն է արել։

«Այս բարդ աշխարհաքաղաքական ժամանակներում մենք տեսնում ենք, որ Վրաստանը կարող է ապավինել իր գործընկերներին՝ շարունակելու աջակցել մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», -Twitter-յան միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների ծնողներին հնարավորություն է տալիս ընտրություն կատարել նաև 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռավար ուսուցման ձևերի միջև։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ ստորագրել է պետական ​​տեսուչի ծառայությունը լուծարելու մասին օրենքը։ Երկրի ղեկավարն իր հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ պետական տեսուչի ծառայության փոխարեն պիտի ստեղծվեն նոր կառույցներ, որոնք թույլ կտան նաև այս ծառայության աշխատակիցներին գործել անկախ ձևով։

Երեկ, հունվարի 13-ին գործարկվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական վեբ-կայքը՝ www.garibashvili.ge։ Կայքն ունի առանձին կատեգորիա՝ «Նամակ վարչապետին», որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հղել իր հարցը հաղորդագրության միջոցով կամ ներբեռնել որևէ ֆայլ։