Թբիլիսին դատապարտում է օկուպացված տարածքներում ՌԴ նախագահական ընտրությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դատապարտում է Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը։ Նախարարությունն իր հայտարարության մեջ նշում է, որ ընտրատեղամասերն ապօրինի են բացվել են:

«Նշված գործողությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ է, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և ամբողջությամբ անտեսում ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ գնահատական ​​տալ և արձագանքել Վրաստանի օկուպացված շրջաններում Ռուսաստանի հետագա անօրինական գործողություններին։ Արտաքին գերատեսչությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել իր գործողությունները Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ:

Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահներ Ասլան Բժանիան և Ալան Գագլոևը շնորհավորել են Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Աբխազիայի դե ֆակտո նախագահի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում Բժանիան նշել է, որ «Աբխազիայի ժողովուրդը գործնականում միաձայն պաշտպանել է» Պուտինի թեկնածությունը։ Ըստ տեղեկության՝ Հարավային Օսիայում Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 97 տոկոսը։

Հիշեցնենք, որ ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվան Վրաստանի երկու շրջանները՝ Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչել է «անկախ պետություններ»: Այս շրջաններում բնակչության մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

Ուշագրավ է նաև, որ Պուտինը հինգերորդ ժամկետով է դառնում Ռուսաստանի նախագահ: