ԱՄՆ-ն Վրաստանին 11,5 մլն դոլարի զինտեխնիկա է փոխանցել

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության ուժերին 11,5 մլն դոլարի տեխնիկա է փոխանցել։

«Այսօր մենք 26 տոննա անվտանգության օգնություն ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության ուժերին՝ հզորացնելու համար նրանց կարողությունները։ 11,5 միլիոն դոլար արժողությամբ այս տեխնիկան այն միջոցներից մեկն է, որով ամերիկյան կառավարությունը աջակցում է իր ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին»,- հայտնում են դեսպանությունից։

Ի դեպ, 2022 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը 35 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանին պաշտպանությունն ամրապնդելու համար։

«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, որը ներառում է բրիգադի մարտական ​​տեխնիկա, անօդաչու թռչող սարքերի համակարգ, դաշտային հրետանային մարտավարական տվյալների առաջադեմ համակարգ, շարժունակության հնարավորություններ և կիբերպաշտպանություն», — հայտարարել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը: