Վրացիների մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն

Ամենաթարմ հարցման համաձայն՝ վրացիների մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն։ Այս տեղեկությունը նշված է «EU NEIGHBOURS EAST» ծրագրի անցկացրած հետազոտության արդյունքներում։

Հասարակական կարծիքի ամենամյա հետազոտության 2026 թվականի արդյունքներով՝ վրացիների զգալի մեծամասնությունը (71%) շարունակում է կողմ արտահայտվել Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ էլ ավելի մեծ մասը (79%) հավատում է, որ ԵՄ անդամակցությունն ավելի շատ օգուտ կբերի, քան վնաս։

Հետազոտությունն անցկացվել է 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ ամբողջ երկրի մասշտաբով ընտրված ավելի քան 1000 ռեսպոնդենտների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ «EU NEIGHBOURS EAST» ծրագիրը Վրաստանում և Արևելյան գործընկերության տարածաշրջանի մյուս հինգ երկրներում հասարակական կարծիքի հետազոտությունն անցկացնում է ամեն տարի՝ սկսած 2016 թվականից։

Եվրամիությունը վրացիների համար շարունակում է մնալ ամենավստահելի միջազգային դերակատարը։ Մասնավորապես, նրան վստահում է հարցվածների 67%-ը։ Այնուամենայնիվ, նվազել է այն մարդկանց թիվը, որոնց կարծիքով` երկիրը Եվրամիության հետ լավ հարաբերություններ ունի (այս ցուցանիշը 2025 թվականին կազմում էր 63%, իսկ այս տարի իջել է 60%-ի)։

Այն դեպքում, երբ հարցվածների մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը, 49%-ը հավատում է, որ Վրաստանը դեպի անդամակցություն ճիշտ ուղղությամբ չի ընթանում։ Իսկ 56%-ն ասել է, որ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և մեդիայի վերաբերյալ վերջին շրջանի օրենքները բացասաբար են անդրադառնում անդամակցության գործընթացի վրա։ Միաժամանակ, 87%-ը համաձայն է, որ Վրաստանը պետք է ավելին անի դեպի Եվրամիություն առաջընթաց գրանցելու համար։

Վրաստանին Եվրամիության ցուցաբերած ֆինանսական աջակցության մասին քաղաքացիների իրազեկվածությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա՝ 70%, և հարցվածների գրեթե կեսը (48%) ասել է, որ այդ աջակցությունն արդյունավետ է։ Քաղաքացիների կարծիքով՝ Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա կրթության և շարունակական կրթության (38%), տնտեսական զարգացման ու առևտրի (34%) և առողջապահության (33%) ուղղություններով։

Այն դեպքում, երբ Եվրամիության հետ կապված օգուտների վերաբերյալ դրական ընկալումը դեռևս բարձր է (76%-ը ԵՄ-ի հետ մերձեցումը կապում է նոր հնարավորությունների հետ, իսկ 75%-ն ասում է, որ անդամակցությունը կամրապնդի երկրի անվտանգությունը), հարցվածների ուշագրավ մասը նաև մտահոգություն է հայտնել (43%-ն ասել է, որ Եվրամիությունը պարտադրում է սեփական արժեքները, իսկ 51%-ը հավատում է, որ ԵՄ-ն ունի թաքնված շահեր)։

Հարցումը նաև ցույց է տվել, որ Եվրամիության մասին իրազեկվածությունը նվազել է։ Մասնավորապես, միայն 40%-ն է նշել, որ վերջին շրջանում ծանոթացել է Եվրամիությանն առնչվող տեղեկատվությանը (այս ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է 14 տոկոսային կետով)։ Հարցվածները մտահոգություն են հայտնել նաև ապատեղեկատվության (դեզինֆորմացիայի) վերաբերյալ, որը 86%-ը համարում է սպառնալիք ազգային անվտանգության առումով։