Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ ամենաշատ վրացական արտադրանքը վաճառվում է Չինաստանում և Ռուսաստանում։ Այս տվյալները տարածել է BMG-ն, ըստ որի` 2026 թվականի հունվար-մայիսին տեղական արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66.1%-ով և կազմել ռեկորդային 1.9 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այս ժամանակահատվածում Վրաստանից իրականացված ապրանքների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը տարեկան կտրվածքով 19.8%-անոց աճ է։ Ընդհանուր արտահանման մեջ տեղական արտահանման մասնաբաժինը կազմում է 62.1%:
Պարբերականի փոխանցմամբ՝ հունվար-մայիս ամիսներին տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման մեջ կազմել է 66.9%։ Այս առումով խոշորագույն արտահանման գործընկերներն են Չինաստանը (317.4 միլիոն ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (229 միլիոն ԱՄՆ դոլար) և Թուրքիան (207.2 միլիոն ԱՄՆ դոլար)։
BMG-ի փոխանցմամբ՝ տեղական արտահանման տասնյակում առաջին տեղում նավթն ու նավթամթերքն են՝ 352.2 միլիոն ԱՄՆ դոլարով. նշված ապրանքախմբի մասնաբաժինը կազմում է ընդհանուր տեղական արտահանման 18.3%-ը։ Երկրորդ տեղում թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերն (կոնցենտրատներ) են՝ 255.6 միլիոն ԱՄՆ դոլարով (ընդհանուր տեղական արտահանման 13.3%-ը), իսկ երրորդ տեղը զբաղեցնում են ֆեռոհամաձուլվածքները՝ 130.8 միլիոն ԱՄՆ դոլարով (ընդհանուր տեղական արտահանման 6.8%-ը)։