Ուղղափառ եկեղեցու հոգևորականներն այրել են Եվրամիության դրոշը

Վրաստանյան սոցիալական ցանցերն ակտիվորեն շրջանառում են ուղղափառ հոգևորականների կողմից ԵՄ դրոշներն այրելու տեսանյութերը։ Նրանց թվում են սարկավագ Բասիլ Ախվլեդիանին և քահանաներ Սպիրիդոն Ցքիփուրիշվիլին ու Իակոբ Մեստվիրիշվիլին։

Հոգևորականներն աջակցում են ռուսամետ խմբի անդամ Լաշա Շարուխիային. վերջինս մեղադրվում էր Մցխեթայի քաղաքապետարանի շենքից ԵՄ դրոշն իջեցնելու և այրելու համար։ Մցխեթայի շրջանային դատարանը նրան որպես խափանման միջոց դատապարտել է ազատազրկման։

«Վերոնշյալ անձը ձերբակալվել է իրավապահների կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի գույքը վնասելու համար (Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված), որը ենթադրում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։ Դատարանն արդեն իսկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել են դատախազությունից:

Ի նշան Շարուխիային «համերաշխության», բացի հոգևորականներից, այլ քաղաքացիներ ևս այրել են Եվրամիության դրոշները։ Շարուխիային ակտիվորեն աջակցում են ռուսամետ, հոմոֆոբ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-ինֆո»-ի ներկայացուցիչները։

Հարկ է նշել, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը դրական է գնահատել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհումը։ Դեկտեմբերի 15-ին հրապարակված հայտարարության մեջ պատրիարքը նշել է. «Այսօր առանձնահատուկ օր է, քանի որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը նոր հնարավորություններ է բացում երկրի ներսում քաղաքական կայունության և միջազգային հարաբերություններում կարգավիճակի բարձրացման համար, նաև մշակութային, գիտական, տեխնիկական և տնտեսական առաջընթացին»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում քաղաքացիները հանրային կառույցներից իջեցնում և այրում են ԵՄ դրոշը։ 2023 թվականի մարտին «Ալտ-ինֆո»-ի ներկայացուցիչ Զուրա Մախարաձեն և նրա չորս համախոհները տուգանվել են 1000-ական լարիով՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Եվրամիության դրոշն իջեցնելու և այրելու համար, սակայն այդ գործով քրեական հետապնդում չի հարուցվել։