Նախագահը արդարադատության բարեփոխումների ուղղությամբ «վճռական քայլերի» հույս ունի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ հաջորդ տարի արդարադատության բարեփոխումների առումով «վճռական քայլեր» կարվեն։

Այս թեմայով նախագահը խոսել է Զուգդիդիում, որտեղ ներկա է եղել «Արդարադատության տան» մասնաճյուղի բացման արարողությանը:

«Արդարությունն այն է, ինչին ձգտում են բոլոր վրացիները, և որի բացակայությունը բոլոր վրացիների մոտ դիմադրություն է առաջացնում, երբեմն էլ փողոց դուրս բերում նրանց ոչ թե տնտեսական և էկզիստենցիալ հարցերի համար, այլ անարդարության համար»,- ասել է Զուրաբիշվիլին:

Ի դեպ, դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ անդամ երկրների ղեկավարներն աջակցել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության համար բանակցությունների մեկնարկին, Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհմանը:

Մինչ այդ` նոյեմբերի 8-ին, Եվրահանձնաժողովն առաջարկել էր Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն Եվրահանձնաժողովն այդ որոշումն ընդունել է վերապահումով` ակնկալիքով, որ երկիրը քայլեր կձեռնարկի ինն ուղղությամբ։

Վրաստանի համար սահմանված ինը պայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարքից են, իսկ մի քանիսը լիովին նոր են։

Ինը վերապահումներից վեցերորդը դատաիրավական համապարփակ և արդյունավետ բարեփոխումների ավարտն ու իրականացումն է, ներառյալ Արդարադատության բարձրագույն խորհրդի և դատախազության համապարփակ բարեփոխումը, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների լիարժեք իրականացումը թափանցիկ և ներառական գործընթացի միջոցով:

Թբիլիսիի քայլերը ԵՄ անդամակցության ճանապարհին. ինչ պետք արվի