Ռուս-վրացական պատերազմի դատական գործը 2020 թվականի վերջին կավարտվի

Ռուս-վրացական պատերազմի դատական գործը 2020 թվականի վերջին կավարտվի: Այս մասին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների18-րդ վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հանդիպման ժամանակ ասել է Հաագայի դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան՝ նշելով, որ հետաքննությունն ակտիվ փուլում է:

Դատախազի պաշտոնավարման ժամկետը 2020 թվականի վերջին ավարտվում է և ըստ Բենսուդայի՝ ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ արդեն գործի կոնկրետ արդյունքներ կլինեն:

Արդարադատության նախարարը խոսել է ռուս-վրացական պատերազմի հետաքննության մասին՝ նշելով, թե Վրաստանի բնակչությունը, որը դարձել է «էթնիկ զտումների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և 2008-ի ռուս-վրացական պատերազմի ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների զոհ, սպասում է քննության կոնկրետ արդյունքների, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն մեղավորները»:

Հանդիպմանը նշվել է նաև, որ կողմերի միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: