Դպրոցական համազգեստների ձեռքբերման համար հայտարարվել է կրկնակի պարզեցված գնում

Վրաստանի կրթության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն հանրակրթական դպրոցների համար դպրոցական համազգեստների ձեռքբերման նպատակով կրկնակի պարզեցված գնում է հայտարարել։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ շուկայի կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա գնման նախահաշվային արժեքը սահմանվել է 45 մլն 658 հազար 840 լարի։

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2026-2027 ուսումնական տարվա համար նախատեսվում է մատակարարել ընդհանուր առմամբ 1 մլն 801 հազար միավոր դպրոցական համազգեստ։ Մատակարարման գործընթացը պետք է իրականացվի երեք փուլով. առաջին փուլով մինչև օգոստոսի 25-ը պետք է ընդունվի 301 հազար միավոր, երկրորդ փուլով՝ 600 հազար միավոր մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ երրորդ փուլով՝ 900 հազար միավորի մատակարարումը նախատեսված է մինչև նոյեմբերի 30-ը։

Հիշեցնենք, որ «Կրթական ռեսուրսներ»-ը նշված գնման համար շուկայի առաջին ուսումնասիրությունը հայտարարել էր 2026 թվականի ապրիլի 3-ին։ Ուսումնասիրության նպատակն էր սահմանել տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստների նախահաշվային արժեքը։ Այն ժամանակ գնման գինը սահմանվել էր մոտ 44.9 միլիոն լարի։

Ի դեպ, Կրթության նախարարության հաղորդմամբ, մայիսի 14-ին շուկայի ուսումնասիրության գործընթացում այն ընկերությունը, որը ներկայացրել էր ամենացածր գինը, չի կարողացել բավարարել սահմանված պահանջները և հրաժարվել է մասնակցել գնման ընթացակարգին։ Դրանից հետո՝ մայիսի 20-ին, «Կրթական ռեսուրսներ»-ը շուկայի ուսումնասիրություն է հայտարարել երկրորդ անգամ։