Կալաձեն կրկին քաղաքապետի թեկնածության է հավակնում

Մայրաքաղաք Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն կրկին քաղաքապետի պաշտոնին է հավակնում. նա խոսել է իր ապագա քաղաքական ծրագրերի մասին: Լրագրողները նրան հարցրել են իր քաղաքական և բիզնես ծրագրերի մասին՝ նոր ընկերություն հիմնելուց հետո։

«Ես մտադիր եմ քաղաքապետ դառնալ և պարտության մատնել բոլոր արմատական ​​խմբերիդ: Ես պարտության կմատնեմ ձեզ և վրաց ժողովրդի հետ միասին ձեզ կտամ հարմար տեղ, որը ձեր բնական վիճակն է», — լրագրողներին ասել է Կալաձեն:

Մայիսի 14-ին հանրային ռեեստրը գրանցել է «Կալա կապիտալ Թբիլիսի» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեին։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է անցկացվեն 2025 թվականի հոկտեմբերին: Ընդդիմության որոշ անդամներ ասում են, որ չեն մասնակցելու ընտրություններին, քանի որ դա կլեգիտիմացնի «Վրացական երազանք»-ի կառավարությանը և 2024 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանին։