Վրաստանում ընդդիմադիր քաղգործիչների ազատազրկում. միջազգային և տեղական արձագանքներ

Վերջին շրջանում Վրաստանում ձերբակալվել են մի շարք ընդդիմադիր քաղգործիչներ։

Արևմտյան գործընկերները, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դատապարտել են նրանց ձերբակալությունը, անազատության դատապարտումը և 2 տարի պետական պաշտոնից զրկելու իրավունքը։

Ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու կամ դրա համար նշանակված գրավը չվճարելու համար։

Մասնավորապես`

  • «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն դատապարտվել է յոթ ամսվա ազատազրկման, ձերբակալվել է հունիսի 24-ին,
  • «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ութական ամսով են ազատազրկվել, ձերբակալվել են հունիսի 23-ին,
  • «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեն յոթ ամսով է ազատազրկվել, ձերբակալվել է մայիսի 22-ին,
  • «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան դատապարտվել են 8 ամսվա ազատազրկման»։

Վերոնշյալ անձանց երկու տարով արգելվել է պետական պաշտոն զբաղեցնել։

Այս առիթով խոր մտահոգություն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտը. դատապարտել է Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունները և «Վրացական երազանք»-ի կառավարությանը քննադատող անձանց նկատմամբ հետապնդումները։

Վրացի վերլուծաբաններր խոսքով` այս գործողության նպատակն ընդդիմության հեռացումն է պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից և պետական հաստատություններից։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ընդգծեց.

«Այս որոշումն ուղիղ քայլ է դեպի բռնապետություն։ Այսինքն՝ ձերբակալությունների նպատակն այն է, որ ընդդիմությունը չկարողանա  որոշակի պաշտոններ զբաղեցնել, և ըստ այդմ` արդյունքը («Վրացական երազանք»-ի համար — հեղ.) գոհացուցիչ լինի։ Նրանք փորձում են ընդդիմությանը վտարել բոլոր պետական մարմիններից և հաստատություններից»։

Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերը նույնպես X-ում մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Նրա կարծիքով` ընդդիմադիր քաղաքական գործիչների քաղաքական դրդապատճառներով հետապնդումը և բանտարկությունը հակասում են ժողովրդավարական հիմնարար արժեքներին։

«Վրաստան. ընդդիմադիր քաղաքական գործիչների քաղաքական դրդապատճառներով հետապնդումն ու բանտարկությունը հակասում են ժողովրդավարական հիմնարար արժեքներին: «Վրացական երազանք»-ը պետք է դադարեցնի դատական ​​համակարգը որպես զենք օգտագործելը», — գրել է Հիփերը:

«Ընդդիմության ներկայացուցիչներին խորհրդարանական հանձնաժողով կանչելը և նրանց ձերբակալությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում», — հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ըստ կազմակերպության՝ լուրջ մտահոգություններ կան Վրաստանում «կառավարության քննադատներին լռեցնելու համար օրենսդրական, ոստիկանական և այլ լիազորությունների չարաշահման» վերաբերյալ։

Քաղաքական գործիչների ձերբակալությունը դատապարտել են նաև Դանիայի, Լիտվայի, Լատվիայի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունները։