UNICEF-ի նոր հետազոտությունն ուսանողների վերաբերյալ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` UNICEF-ը, հրապարակել է Վրաստանում երիտասարդների հմտությունների և կարողությունների վերաբերյալ նոր ուսումնասիրություն։

 Հարցումն անցկացվել է 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և ընդգրկել է յոթ շրջան՝ Թբիլիսի, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Գորի, Ախալցիխե և Ախալքալաք։

Հետազոտությանը մասնակցել են տարբեր ազգեր ներկայացնող և ակադեմիական ծագում ունեցող 155 ուսանողներ։

Ըստ հետազոտության արդյունքների`

  • Հարցվածների մեկ քառորդի համար դժվար է միտքը պարզորոշ արտահայտել․ նրանք օգտագործում են աղքատ բառապաշար, բարդ խնդիր է գրավոր արտահայտվելը` հատկապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։
  • Ամեն երեք հարցվածից մեկը դժվարանում է փաստարկներ գտնել, ինչը նշանակում է, որ չունեն բանավեճի փորձ։
  • Մեծամասնությունը դժվարանում է արտահայտվել սահուն, թույլ են տալիս սխալներ, օգտագործում են ժարգոնային բառապաշար։
  • Հարցվածների 92 տոկոսն ասում է, որ գիտի անգլերեն։
  • Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները բավարար մակարդակով չեն տիրապետում վրացերենին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։
  • Հարցվածները լավ են տեղեկացված շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին։
  • Դժվարանում են տարբերել իրական և կեղծ տեղեկատվությունը։
  • Տիրապետում են թվային տեխնոլոգիաներին, բայց թույլ են կիբերանվտանգության հարցում։
  • Վախենում են, որ տեխնոլոգիաների զարգացման պատճառով մարդը կարող է կորցնել աշխատանքը, ավանդույթները, մարդկային փոխհարաբերությունները։
  • Ապագային նայում են լավատեսորեն, սակայն շատերին անհանգստացնում են անորոշությունը և կլիմայի փոփոխության հետ կապված սպառնալիքները։
  • Չունեն անձնային զարգացման պլան և հասանելիություն ոչ ֆորմալ կրթությանը։
  • Ճանաչում են ժողովրդավարական արժեքները, բայց անբավարար վստահությամբ։
  • Ընդունում են, որ գիտությունը, տեխնոլոգիաները, ինժեներիան և մաթեմատիկան (STEM) կարևոր են, սակայն չեն գիտակցում դրանց կապն առօրյա կյանքի հետ կամ, օրինակ, այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու էներգետիկան։

Հոգեկան առողջության հարցը նույնպես կարևորել են UNICEF-ի ուսումնասիրության մասնակիցները։ Հարցվածներից շատերը խոսել են բուժման հասանելիության բացակայության մասին։

ՄԱԿ-ի հիմնադրամը կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությունը հատկապես մարզերում և ամենախոցելի խմբերի շրջանում։ Պետք է մշակվեն թվային ուսուցման հարթակներ, որպեսզի ուսանողները կարողանան հեռավար սովորել։

Ավելի շատ հնարավորություններ պետք է տրվեն ազգային փոքրամասնություններին։

Պետք է նաև բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածությունը։