Թագուհի Սահակյանը՝ Վրաստանի հայ համայնքի նոր երիտասարդ դեսպան

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» նախագծի կողմից Վրաստանի հայ համայնքի երիտասարդ դեսպանի պաշտոնը մեկ տարի ժամկետով կստանձնի Թագուհի Սահակյանը:

Թագուհին Ասպինձայի շրջանի Դամալա գյուղից է (շրջանի միակ հայաբնակ գյուղը), այս տարի ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ պատրաստվում է ուսումը շարունակել մագիստրոսի աստիճանով՝ դիվանագիտության ուղղությամբ:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Թագուհին պատմեց, որ միշտ է հետաքրքրված եղել միջազգային հարաբերություններով. տարբեր նախագծերի, վերապատրաստումների և ստաժավորումների է մասնակցել, իր ուժերը փորձել է նաև տարբեր ոլորտներում՝ լրագրություն, թարգմանչություն, դասընթացավարություն և այլն:

«Բազմիցս ներգրավված եմ եղել տարբեր նախագծերի մեջ, որոնք ուղղված են եղել էթնիկ փոքրամասնությունների, նաև կանանց իրավունքներին. նույնիսկ ինքս եմ նախագիծ գրել փոքրամասնությունների զարգացման, ուսման գործընթացը բարելավելու նպատակով ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում»,- պատմեց Թագուհին` հավելելով, որ ևս մեկ նախագիծ էլ գրել է տարածաշրջաններում բնակվող էթնիկ հայ կանանց և նրանց աշխատանքի տեղավորման համար (45 մասնակից կանանցից 35-ը արդեն տեղավորվել են աշխատանքի):

Թագուհին սիրով նշեց, որ նախագծերը դրական արձագանքների են արժանացրել ինչպես տեղացիները, այնպես էլ հասարակության տարբեր անդամներ:

Վերջին նախագծի շրջանակներում, որին մասնակցել է երիտասարդ դեսպանը, մեկ տարվա ընթացքում աշխատել են էթնիկ խմբերի հետ, հաճախել Վրաստանի հեռավոր գյուղեր, ծանոթացել թե’ Վրաստանում, թե’ արտերկրում գործող կրթական հնարավորություններին, ապա, ինչպես պատմեց Թագուհին, ծրագրի շրջանակներում մեկնել են Գերմանիա, տեղում ծանոթացել համակարգի հնարավորություններին՝ Վրաստանի թեմին ավելի ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով:

«Ներշնչման աղբյուր կարող եմ համարել հայանպաստ գործունեությունը, որը պետք է ծավալեմ Վրաստանում, փոքրամասնությունների, հայկական թեմի ուժեղացումը, որը ինձ համար ամենակարևոր թեմաներից մեկն է»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց Թագուհին:

Նրա խոսքով՝ առաջարկը ստանալուց և նախագծի հիմնական նպատակին ծանոթանալուց հետո անմիջապես համաձայնել է, քանի որ իրեն նմանատիպ առաքելությունների կատարման մեջ է տեսնում. «Ինձ տեսնում եմ հայկական թեմը ուժեղացնելու, միախմբելու և առաջ տանելու մեջ»:

Թագուհին նշեց, որ ծրագրի շրջանակներում պլանավորվող քայլերի մասին ավելի ուշ կխոսի, ավելացնելով նաև, որ յուրաքանչյուր դեպքում կարևոր է միասնությունը, և հենց դրանից է կախված, թե ինչքանով լսելի կլինի հայկական թեմի ձայնը հուզող հարցերի շուրջ:

«Ուժը միասնության մեջ է»,- ընդգծեց Թագուհին։ Նրա կարծիքով` պետք է համախմբվել և միասին քննարկել բոլոր հուզող խնդիրները, և միայն այդ դեպքում է հնարավոր հասնել շոշափելի հաջողության:

«Երիտասարդ սերնդին, իմ հասակակիցներին խորհուրդ կտամ երբեք չհամեմատվել ոչ ոքի հետ. պետք է համեմատենք միայն ինքներս մեզ՝ մեր երեկվա ես-ի հետ: Խորհուրդ եմ տալիս լինել աշխատասեր և պահանջում եմ լինել հետաքրքրասեր. հետաքրքրվեք խնդիրներով, քանի որ խնդիրը երբեք չի լուծվի, եթե խնդրով հետաքրքրվող մարդիկ չկան»:

Խորհուրդների թվին Թագուհին ավելացրեց կարևորագույններից մեկը՝ ստեղծել կապեր, որոնք կնպաստեն ինչպես երկրի և համայնքի զարգացմանը, այնպես էլ անձնական աճին: