Մայիսի 23-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը մայիսի 23-ին առավելապես խոսեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման մասին:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը Մարդասիրության համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկերոջը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա ` քաղաքական, տնտեսական և մշակույթային հարաբերություններին վերաբերող հարցեր: Թուրքիայի նախագահը վերահասատել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանութանը` իր երկրի աջակցությունը: Հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն է արել հանդիպմանը ներկա գտնված, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին.

«Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր: Քննարկվել են նաև այն կարևոր ռազմավարական ծրագրերը, որ իրականացվում է երկու երկրների գործընկեր Ադրբեջանի հետ: Խոսվեց նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերաբերյալ, և պարոն Էրդողանը հույս հայտնեց, որ նախագիծը ավարտին կհասցվի այս տարի»,- հայտարարել է Գիորգի Աբաշիշվիլին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերիշվիլին և Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իրակլի Կոպլատաձեն:

«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամարա Ժվանիան հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանուշ Հերմանի հետ: Հանդիպման գլխավոր թեման է եղել Վրաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: «Մենք ընտրական վարչակազմի հետ կքննարկենք համագործակցության հնարավորությունները», -նշել է Հերմանը: ԿԸՀ ղեկավարը և Եվրախորհրդի դեսպանը խոսել են նաև մայիսի 22-ին Վրաստանում համայնքային միջանկյալ ընտրությունների և Կորցխելիում տեղի ունեցած միջադեպի մասին: Յանուշ Հերմանը ողջունել է Կորցխելիում տեղի ունեցածի վերաբերյալ` Վրաստանի նախագահի և վարչապետի հայտարարությունները. «Այդ միջադեպը պետք է ամբողջությամբ հետաքննվի: Կարծում եմ` Վրաստանի կառավարությունը պարտավոր է ընտրությունների համար ապահովել խաղաղ պայմաններ: Չեմ կարող չհամաձայնել ԿԸՀ-ի ղեկավարի հայտարարության հետ, առա այն, որ այսպիսի միջադեպերը բացասական ազդեցություն ունեն ընտրական միջավայրի վրա և շատ կարևոր է, որպեսզի նմանատիպ դեպքեր չկրկրնվեն», -հայտարարելէ Վրաստանում Եվրամիության դեսպան Յանուշ Հերմանը:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Խուրչա գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ հայտարարել է, թե փորձելու են պատժել մեղավորին: Վարչապետը նաև հայտարարել է, որ մտադիր է այցելել Զուգդիդի և իր ցավակցությունները անձամբ հայտնել սպանվածի ընտանիքին: «Պատրաստվում եմ գնալ և ցավակցել նրա ընտանիքին: Սա սարսափելի դեպք է, զինված անձնանց կողմից անմեղ մարդու սառնասիրտ սպանություն: Պետությունը կարձագանքի այս միջադեպին: Մենք առայժմ սպասում ենք, թե ինչ արձագանք կունենա Աբխազիայի դե ֆակտո իշխանությունը: Տեսնենք, կսպասենք, սակայն մենք մեր միջազգային գործընկերների հետ կփորձենք պատժել մեղավորին», -հայտարարել է Կվիրիկաշվիլին: Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության համաձայն, մայիսի 19-ին Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում, զինված տղամարդը հրազենից մահացու վնաս է հասցրել Գալիի շրջանի Բարղեբի գյուղի բնակիչ Գիգա Օթխոզարիային:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ստամբուլում ընթացող Մարդասիրության համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, թե Մեծամորի ատոմական-էլեկտրակայանից գոյութուն ունի միջուկային սպառնալիքներ: «Հայաստանը պետք է իրականացնի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: Մեծամորի ԱԷԿ-ը տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում: Կա տեղեկատվություն, որ Հայաստանը ատոմային թափոնները օգտագործում է ապօրինի կերպով», հայտարարել է Ալիևը: Պարբերականի փոխանցմամբ` ապրիլի սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը լարված էր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե Երևանը միջուկային արտադրական տեխնոլոգիաներ և զենք ունի: Միևնույն պարբերականի փոխանցմամբ` Վրաստանում գործող` «Ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի ղեկավար Ալի Բաբաևը օգնության խնդրանքով դիմել է Վրաստանի կառավարությանը: Մասնավորապես, հարցը վերաբերում է Թբիլիսիում իրականացված մի քանի միջոցառումներին, որտեղ ծածանվել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշները: Բաբաևի հայտարարության համաձայն`  օգնության խնդրանքով Կոնգրեսը Վրաստանի վարչապետին նամակ է ուղարկել, իսկ վարչապետի պատասխան նամակում գրված է եղել, որ նշված միջադեպերի վերաբերյալ անպայման կհետաքրքրվեն համապատասխան գերատեսչությունները.

«Վերջին ժամանակաշրջանում շատ հաճախ ծածանվում են անջատողական դրոշներ: Ինչպես գիտեք ապրիլի 24-25-ին` ցեղասպանության օրը, ցավալի փաստ է տեղի ունեցել, Վրաստանում ծածանվել է այսպես կոչված Արցախի` ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել միանգամից մի քանի քաղաքումներում՝Թբիլիսիում, Բաթումիում, Ախալցիխեում և Ախալքալաքիում: Այս փաստը ցավալի է, քանի որ Վրաստանը եւս պայքարում է անջատողականության դեմ: Մենք դիմել ենք Վրաստանի կառավարությանը և մի քանի հասարակական կազմակերպությունների, որպեսզի ձեռնարկեն համապատասխան միջոցառումներ», — հայտարարել է Բաբաևը:

Թողնել պատասխան