Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ղազախստանի վարչապետին

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին։ Հանդիպումը տեղի է ունեցել Քվրիվիշվիլիի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթ ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Տրանսկասպյան տրանսպորտային երթուղու «միջին միջանցքի» զարգացմանը։

Քննարկված թեմաների թվում են եղել երկկողմ առևտուրը, լոգիստիկան, էներգետիկան, քաղաքացիական ավիացիան և զբոսաշրջությունը։ Նշվել է, որ Միջին միջանցք միջազգային բեռների ներգրավումը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը երկու երկրների կառավարությունների համատեղ նպատակն է։

Մարիամ Քվրիվիշվիլին ասել է. «Արտահանումը կարևոր դեր է խաղում երկու երկրների տնտեսություններում, և մենք լավատեսորեն ենք տրամադրված, որ մեր գործընկերության առկա շրջանակը կընդլայնվի։ Մենք հույս ունենք տեսնել ավելի շատ վրացական արտադրանք Ղազախստանի շուկայում»։

Հանդիպմանը անդրարդարձել են նաև Թբիլիսիում նախատեսված «Մետաքսե ճանապարհի ֆորում»-ին, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-23-ին։ Քվրիվիշվիլին հույս է հայտնել, որ Ղազախստանը միջոցառմանը կներկայանա բարձր մակարդակի պատվիրակությամբ։