Խորհրդարանն ընդունել է արտանետումների համար տուգանքների խստացման փոփոխությունը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 77 կողմ ձայնով ընդունել է «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում» նախաձեռնված փոփոխությունը, որը նախատեսում է տուգանքների կիրառում այն ​​տրանսպորտային միջոցների համար, որոնց արտանետումների մեջ վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմերը։

Ըստ այդ փոփոխության՝ տրանսպորտային միջոց վարելու համար, որի արտանետումներում վնասակար նյութերի բաղադրությունը չի համապատասխանում սահմանված նորմային, տրանսպորտային միջոցի վարորդը կտուգանվի առաջին փուլում 100 լարիի, իսկ կրկնության դեպքում՝ 300 լարիի չափով:

Իրավաբանական անձանց համար պատժաչափերն ավելի բարձր են։ Մասնավորապես, իրավաբանական անձն առաջին փուլում կտուգանվի 500 լարիի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ 1 500 լարիի չափով։

«Օրենքի փոփոխությամբ նախարարության վերահսկողական ծառայությանը հնարավորություն կտրվի մուգ գույնի արտանետումներով մեքենաները ստուգել չորս խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում և Ռուսթավիում՝ համապատասխան սարքավորումների միջոցով»,- նշված է խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: